Արմավիր քաղաքի մշակույթի տունը՝ Կարմիր ակումբը, հիմնանորոգման նպատակով ժամանակավորապես հանձնվելու է պետության կառավարմանը: Շենքը տարիներ առաջ մասնակիորեն նորոգվել էր: Պետբյուջեի միջոցներով շուտով այն կհիմնանորոգվի, սակայն Արմավիրում կա ևս մեկ մշակույթի կենտրոն, որը 90-ականներից չի գործում:
Արմավիրի «Սարդարապատ» կինոթատրոնը քաղաքի հյուսիսային հատվածում կառուցվել է 1985թ․-ին, հետո դարձել է թիվ 2 մշակույթի տուն: Առաջինը հրապարակի Կարմիր ակումբն է: «Սարդարապատը» թեթևացնելու էր կենտրոնի միակ՝ «Արարատ» կինոթատրոնի բեռնվածությունն ու միաժամանակ կրճատելու երեխաների՝ արտադպրոցական խմբակներ հաճախելու ճանապարհը: Բայց կինոթատրոնը երկար կյանք չունեցավ և 90-ականների սկզբից այլևս չգործեց:

Թաղամասի բնակիչներն են պատմում:
«Երկու դահլիճ ուներ, խաղասենյակ կար՝ սենղանի թենիս, բիլիարդ, ներքևում՝ բար ու սրճարան: Երկու կինոսրահ ուներ, երկուսում էլ ֆիլմեր էին ցուցադրում»:
«Ես հիշում եմ, որ այնտեղ ֆիլմեր եմ դիտել, օրինակ՝ «Քինգ Քոնգ» ամերիկյան ֆիլմը: Հետո, որպես կինոթատրոն իրեն չարդարացրեց․ պետությանը ֆիլմերի դիտումից պետք է գումար մուծեին, բայց հաճախում չկար»:

Երկահարկանի շենքի կինոսրահները տարբեր հարկերում էին՝ խորհրդային ճարտարապետությանը բնորոշ լուծումներով: Այստեղ գործում էին նաև արտադպրոցական տարբեր խմբակներ ու երաժշտական խմբեր: Արմավիրի թիվ 1 մշակույթի տան նախկին տնօրեն Նախշուն Նազարեթյանն է հիշում:
«Ժողգործիքների խումբ կար, ես այնտեղ բազմաթիվ միջոցառումներ եմ վարել: Պարբերաբար դրսում համերգներ էին կազմակերպում, էստրադային լավ նվագախումբ կար, որի համարգներին ներկա եմ եղել»:
Մշակույթի տան շենքը հիմա անմխիթար վիճակում է. պատերը կիսաքանդ են, ապակեպատ դռներն ու լուսամուտները՝ կոտրված: Տարիներ շարունակ պահակն է հետևել շենքի պահպանությանը:

«Բայց հիմա ով է տեր ու տիրական, լրիվ քանդ ու քարափ եղավ, հիմնականում՝ պատերն են մնացել, մի հատ մանրահատակ չկա, մի հատ ապակի չկա, մի հատ դուռ չկա» «Ծածկը շատ վատ է, որտեղից ջուրը լցվում է ներս: Հարթ տանիք է, որտեղից անձրևաջրերը ներսի խողովակներով իջնում, միանում էին կոյուղուն»:
Բնակիչները «Սարդարապատ» մշակույթի կենտրոնի հարակից այգին մաս-մաս ցանկապատել են ու սկսել մշակել այդ հատվածները: 90-ականներին այստեղ նախատեսվում էր եկեղեցի կառուցել, այգին վերածել զբոսայգու, սակայն Հյուսիսային թաղամասի մշակութային վերափոխումն այդպես էլ իրականություն չդարձավ:

«Պետք է անպայման ջուր քաշվի, ջրամատակարարում լինի ու շատ գեղեցիկ այգի կդառնա՝ իր կինոթատրոնով:»
Առաջիկայում նախատեսվում է պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգել Արմավիրի հրապարակի թիվ 1 մշակույթի տունը՝ Կարմիր ակումբը։ Նույն ճակատագիրը սպասվում է արդյո՞ք «Սարդարապատ» մշակութային կենտրոնի լքված շենքին։ Հարցին Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանն է պատասխանում։

«Այս պահին ոչ մի բան նախատեսված չի: Երբ մեր հնարավորությունները թույլ կտան, որ այդտեղ ինչ որ բան նախատեսենք՝ մենք անպայման վերաբերմունք ցույց կտանք: Այս պահին մեր հնարավորույթունները թույլ չի տալիս և դրանով է պայմանավորված, որ մենք ձեռնպահ ենք մնում այդտեղ որևիցէ գործողություն անելուց»:

Արմավիրում հույս ունեն, որ հիմնանորոգումների ցանկում հաջորդը լինելու է «Սարդարապատ» կինոթատրոնը: