Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան յայտարարել է, որ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութիւնը (ՀԱՊԿ) չէր կարող ներգրաւուել Ղարաբաղի շուրջ հակամարտութեանը, քանի որ Հայաստանը տուեալ տարածքը չէր ճանաչում ո՛չ որպէս իր մաս, ո՛չ էլ որպէս անկախ պետութիւն: Նրա խօսքով` Երեւանը փորձել է գործարկել կազմակերպութեան մեքանիզմները, սակայն դրա համար իրաւական հիմքեր չեն եղել: Զախարովան ընդգծել է, որ նման պայմաններում ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել:
Անհրաժեշտ է արձանագրել որ, 44-օրեայ պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետութիւնը չի դիմել ՀԱՊԿ-ին: Ճիշդ չէ նաեւ այն բացարձակ պնդումը, թէ «Հայաստանը տուեալ տարածքը չէր ճանաչում […] որպէս անկախ պետութիւն», ինչպէս սխալ էին Հայաստանի Հանրապետութեան այն բարձրաստիճան պաշտօնեաները, երբ կատարում էին նոյնիմաստ յայտարարութիւններ: Նոյնպէս սխալ է ասել, որ Հայաստանի Հանրապետութիւնը լիարժէք, տէ ժիւրէ ճանաչել է Արցախի Հանրապետութիւնը որպէս անկախ պետութիւն:
Իրականութիւնն այն է, որ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահող պետութիւնները` Ամերիկայի Միացեալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնութիւնը եւ Ֆրանսական Հանրապետութիւնը, երբ գործում էին որպէս համանախագահողներ, միշտ դէմ են եղել ԵԱՀԿ Մինսքի գործընթացից դուրս Արցախեան հիմնահարցի որեւէ կարգաւորման: Նրանք աշխուժ կերպով փորձել են խոչընդոտել թէ՛ Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման գործընթացը, թէ՛ հարցի կարգաւորումը այլ հարթակներ տեղափոխելու փորձերը: Տեղին է յիշեցնել, որ միջնորդ կողմերի գլխաւոր պարտաւորութիւնն է մշտապէս եղել հակամարտութեան կարգաւորման գործընթացում լիովին բացառել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման որեւէ դրսեւորում:
Հայաստանի Հանրապետութիւնը պաշտօնապէս, տէ ժիւրէ միակողմանիօրէն չի ճանաչել Արցախի Հանրապետութիւնը որպէս անկախ պետութիւն, որպէսզի հնարաւորութիւն տայ ԵԱՀԿ Մինսքի գործընթացի բանակցութիւններին: Սակայն, Հայաստանի Հանրապետութիւնը գործնականում Արցախը ընդունում էր որպէս տէ ֆաքթօ կայացած պետութիւն եւ նրա հետ պահպանել էր պետական ու միջպետական յարաբերութիւններին բնորոշ լայն համակարգ` ներառեալ դիւանագիտական ներկայացուցչութիւն, միջպետական վարկեր, միջկառավարական, միջխորհրդարանական եւ միջգերատեսչական համաձայնագրեր, պաշտօնական պատուիրակութիւնների փոխանակում եւ պետական պաշտօնների փոխադարձ ճանաչում:
Սխալ եւ փաստերի խեղաթիւրում է Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարութեան մամուլի ծառայութեան ղեկավարի արձագանգը Մոսկուայի ներկայացուցչի յայտարարութեանը, թէ իբր «Ղարաբաղեան տարածաշրջանը միջազգային հանրութեան, այդ թւում` Ռուսաստանի Դաշնութեան կողմից միշտ ճանաչուել է Ազրպէյճանի անբաժանելի մաս»: ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահող պետութիւնների կողմից յատկապէս 2007 թուականի նոյեմբերից ներկայացուած կարգաւորման բոլոր առաջարկները նախատեսել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացման ճանապարհային քարտէս:
Անհրաժեշտ ենք համարում այս ճշտումներն ու յստակեցումները կատարել թէ՛ մեր ժողովրդի եւ թէ՛ միջազգային հանրութեան համար, որովհետեւ նաեւ ա՛յս փաստերի վրայ է հիմնուած այն հանգամանքը, որ արցախցիները հետապնդում են Արդարադատութեան միջազգային դատարանի կողմից ամրագրուած իրենց վերադարձի իրաւունքը: Իսկ ՀՅԴ Հայ դատի համակարգը իր բոլոր հնարաւորութիւններով աջակցում է այդ իրաւունքի իրացմանը:
ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
29 յուլիս 2026