Սանտեխնիկայով զբաղվողն ավելի անփոխարինելի է, քան ծրագրավորողը․ ԱԲ-ն արդեն կրճատում է որոշ հաստիքների պահանջարկը Հայաստանում

Արևիկ Կիրակոսյան
«Ռադիոլուր»

Մինչ աշխարհում քննարկում են արհեստական բանականության գլոբալ ռիսկերը, Հայաստանում դրա ազդեցությունն արդեն տեսանելի է դառնում աշխատաշուկայում։ Ո՞ր ոլորտներում են արհեստական կոլեգան արդեն զբաղեցնում մարդու տեղը՝ հանգեցնելով կրճատումների, ու ովքեր են դեռ մնում անփոխարինելի:

Արհեստական բանականության զարգացումը մտահոգում է մարդկության ավելի քան կեսին, և սա միայն ենթադրություն չէ։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի 272 փորձագետներ լայնածավալ հարցումներով գնահատել են ԱԲ-ի հետ կապված 24 հիմնական ռիսկերը և դասակարգել դրանք ըստ ընկալվող վտանգավորության։

Գլխավոր մտահոգությունը արհեստական ինտելեկտի՝ մարդկային վերահսկողությունից դուրս գալն է։ Վախ կա, որ այն կարող է ինքնուրույն սովորել ու վնասել մարդկությանը։ Հարցվածներին սարսափեցնում է նաև միտքը, որ ԱԲ-ի կիրառմամբ կարող են ստեղծվել զանգվածային ոչնչացման զենքեր, և որ տեխնոլոգիական այս ռեսուրսները կարող են կենտրոնանալ անձանց նեղ շրջանակի ձեռքում։ Այս երկուսը մարդկանց պատկերացրած սպառնալիքների երկրորդ և երրորդ տեղերում են՝ փոխանցում է BBC-ն։

Հետաքրքիր է, որ մինչ հանրային քննարկումներում ամենաշատը քննարկվում է աշխատատեղերը կորցնելու ռիսկը, զանգվածային գործազրկության ռիսկն այս ցանկում ընդամենը 4-րդ տեղում է։ Իսկ յան, ինչ աշխարհի համար մտահոգիչ սցենարների շարքում է, Հայաստանում արդեն դարձել է մտահոգող հարց։

Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ արդեն զգում են դրա հետևանքները՝ կորցնելով աշխատանքը և կանգնելով վերապատրաստվելու կամ նոր մասնագիտացում ձեռք բերելու անհրաժեշտության առաջ։ Սա մեծամասամբ վերաբերում է տեխնոլոգիական ոլորտներին՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Կրճատումներ Հայաստանում արդեն կան, ոչ թե կրճատումներ են միայն, այլ շատերը նոր աշխատանք չեն կարողանում գտնել, ինչը կարող էին անել տարիներ առաջ։ Տեխնոլոգիական ոլորտն ամենատուժածն է, այսինքն՝ ՏՏ  ոլորտի տարբեր ճյուղերում մարդիկ իսկապես կորցնում են աշխատանքը»։

ՏՏ ոլորտի թիմ ղեկավարող մասնագետներից մեկը, անունը չհրապարակելու պայմանով, բացահայտում է խնդրի խորքային պատճառները։

«Այսօր բիզնեսի համար առաջնային է արդյունավետությունը։ ԱԲ-ն թույլ է տալիս նույն թիմով ու ավելի քիչ ծախսով ստանալ կրկնակի արդյունք։ Հատկապես կրկնվող ու ստանդարտ առաջադրանքների պարագայում ընկերությունները նախընտրում են ավտոմատացնել գործընթացները, քան ընդլայնել հաստիքացուցակը»։

Տեխնոլոգիական այս թռիչքն ամենից շատ ազդում է նորավարտ երիտասարդների վրա, որոնք առաջին քայլերն են անում աշխատաշուկայում։ ՏՏ ոլորտի շրջանավարտներից մեկը խնդիրն այսպես է նկարագրում։

«Իրական խնդիրը սկսնակների համար փակ դռներն են։ Ստանդարտ առաջադրանքները, որ վստահում էին սկսնակներին, հիմա վայրկյանների ընթացքում անում է ԱԲ-ն։ Ընկերություններին այլևս պետք չեն սկսնակներ իրենց պետք է ընդամենը մի քանի փորձառու մասնագետ, որոնք  կհսկեն աշխատանքը»։

Արհեստական բանականությունը չի շրջանցել նաև վերջին տարիներին ամենապահանջված ու առաջատար համարվող ոլորտները։ Graphic և UI/UX design մասնագիտությունների գծով ավագ մասնագետը մատնանշում է այն արմատական փոփոխությունները, որոնք ստիպում են վերանայել դիզայների դերը։

«Գրաֆիկ դիզայնում արհեստական բանականությունն արդեն կարողանում է գաղափարներ տալ, նկարներ ստեղծել, սոցցանցերի համար վիզուալներ պատրաստել ու մշակել լուսանկարները։ Արդյունքում՝ այն գործը, որի վրա առաջ մի ամբողջ թիմ օրեր էր ծախսում, հիմա արվում է րոպեների ընթացքում ԱԲ-ով ։ Նույնն է նաև կայքերի ու ծրագրերի դիզայնի (UI/UX) ոլորտում ԱԲ-ն կարող է վայրկյանների ընթացքում գծել կայքի առաջին ուրվագիծն ու նույնիսկ պատրաստի կոդ տալ։ Սա անհավանական արագացնում է աշխատանքը»։

Գրաֆիկ-դիզայների դիտարկմամբ՝ ԱԲ-ի ազդեցությունը լայնորեն տարածվում է նաև ծառայությունների, սպասարկման և բովանդակության ստեղծման ոլորտներում՝ ստիպելով  վերանայել  հաստիքացուցակները։

«Արհեստական բանականության ազդեցությունը դուրս է եկել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների սահմաններից։ Օրինակ, հենց մեր կազմակերպությունում հաճախորդների սպասարկման ոլորտում ինքնաշխատ  ԱԲ զրուցակիցները պատասխանում են հիմնական հարցերին  իսկ բովանդակություն ստեղծելիս համակարգը գրում է նյութերը՝ մարդուն թողնելով միայն պատրաստի տեքստի փաստերը ստուգելու դերը»։

Ո՞ր ոլորտներում է մարդը դեռ անփոխարինելի։ Սամվել Մարտիրոսյանը նկատում է.

«ԱԲ–ն  և ռոբոտաշինությունը արդեն սկսում են փոխարինել գրեթե ամեն ինչ, բայց արհեստները դեռ չեն փոխարինվում,այսինքն օրինակ՝ սանտեխնիկայով զբաղվող մարդը շատ ավելի անփոխարինելի է, այս պահին քան ծրագրավորողը։ Գուցե այդ ժամանակն էլ գա, բայց ոչ հիմա։»

Ստացվում է պարադոքս․ եթե նախկինում համարվում էր, որ տեխնոլոգիաներն առաջինը դուրս են մղելու ֆիզիկական աշխատանք անողներին, ապա այսօր ԱԲ-ի թիրախում հենց տեխնոլոգիական մասնագիտություններ են։ Չնայած այս մտահոգիչ պատկերին՝ ելքը ոչ թե տեխնոլոգիայից խուսափելն է, այլ դրանից ճիշտ օգտվելը՝ ընդգծում է փորձագետը․

«Ամեն դեպքում շատ  բան է կախված մարդու որակավորումից, բարձր որակավորման մասնագետները, որոնք կարողանում են օգտվվել ԱԲ–ից, հաճախ կարողանում են գտնել աշխատանք»։

Միջազգային փորձագետների գնահատմամբ՝ արհեստական բանականությունն, անշուշտ, վերափոխում է աշխատաշուկայի խաղի կանոնները՝ ստիպելով վերանայել մասնագիտական պահանջները։ Սակայն այս տեխնոլոգիական մրցավազքում հաղթող է դուրս գալու ոչ թե նա, որն ընդդիմանում է փոփոխություններին, այլ նա, ով սովորում է կառավարել դրանք։ Ի վերջո, արհեստական բանականությունը կարող է արագացնել աշխատանքը, գրել կոդ կամ նախնական տեքստ, սակայն որոշումների պատասխանատվությունը, ստեղծարար մտածողությունն ու իրավիճակին հարմարվելու կարողությունը դեռ մնում են մարդու առավելությունը։

Leave a Comment