ԵԱՏՄ սկզբունքների չաշխատելը միայն Հայաստանի խնդիրը չէ, ողջ ԵԱՏՄ խնդիրն է. Պապոյան

ԵԱՏՄ սկզբունքների չաշխատելը միայն Հայաստանի խնդիրը չէ, ողջ ԵԱՏՄ խնդիրն է, լրագրողների հետ զրույցում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցին և ԵԱՏՄ սահմանափակումներին:

«Մենք այդ կազմակերպությանը վերաբերվում ենք որպես մեր կազմակերպության, ու մենք չենք կարող այդ կազմակերպության որևէ չաշխատող մեխանիզմի նկատմամբ ունենալ չեզոք կամ կրավորական կեցվածք», – ասաց Պապոյանը:

Հուլիսի 27-ին Պուտինի հետ հեռախոսազրույցում Փաշինյանն ընդգծել էր, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ռուսական շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ :

ԵԱՏՄ օրենսդրության համաձայն բոլոր երկրները պարտավոր են ապահովել ծառայությունների, ապրանքների, աշխատուժի ազատ տեղաշարժը: Ցանկ կա: Եթե դա չի ապահովվում, նշանակում է, որ ԵԱՏՄ օրենսդրությունը և ԵԱՏՄ ձևավորման սկզբունքները չեն աշխատում:

Մենք որպես ԵԱՏՄ լիարժեք անդամ և երկիր, որը մտահոգված է ԵԱՏՄ-ի ճակատագրով, որովհետև մենք ուզում ենք, որ ԵԱՏՄ-ն լինի ու աշխատի, ոչ թե ՀԱՊԿ-ի նման:

Մենք կարծում ենք, որ այս համակարգի հետ պիտի աշխատել, որովհետև այն հանգամանքը, որը Արաբական Միացյալ Էմիրություններում վաճառվում է, Եվրոպական միության շուկայում վաճառվում է, Չինաստանում վաճառվում է, հնարավոր չի, որ չկարողանա վաճառվել Ռուսաստանում», – ասաց Պապոյանը:

Leave a Comment