Անդրանիկ Վերանյանի պաշտպանը վիճարկում է դատարանի անաչառությունը, բացարկի միջնորդություն է ներկայացվել

Հուլիսի 29-ին Հակակոռուպցիոն քրեական դատարանում շարունակվեց փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործով դատական նիստը։ Դատական նիստը նախագահում էր Լևոն Պետրոսյանը։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստին ներկայացել էին հանրային մեղադրող՝ զինվորական դատախազության Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանը, մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը, նրա պաշտպան Նարեկ Գրիգորյանը, տուժողների իրավահաջորդներ։

Նախորդ նիստի երկրորդ հատվածն անցկացվել էր դռնփակ, ինչպես այս նիստի սկզբում հայտնեց Դատարանը՝ նախորդ նիստը հետաձգվել էր, որպեսզի պաշտպանական կողմը հնարավորություն ունենա ներկայացնել միջնորդություն։

Դրանից հետո պաշտպան Նարեկ Գրիգորյանը դատարանին ներկայացրեց նախորդ նիստում հայտարարված բացարկի միջնորդության գրավոր տարբերակը՝ նշելով, որ այն ծավալային փոփոխությունների չի ենթարկվել և ունի բացառապես իրավական բնույթ։

Փաստաբանը հայտարարեց, որ բացարկը պայմանավորված է դատարանի գործողություններով, որոնք, պաշտպանության գնահատմամբ, օբյեկտիվորեն կասկածի տակ են դնում դատարանի անաչառությունն ու անկախությունը։ Որպես հիմնական հիմնավորում նա կրկին անդրադարձավ ռազմագիտական փորձաքննությանը՝ հիշեցնելով, որ գործը վարույթ ընդունելու սկզբում դատարանը հայտարարել էր, թե նախկին դատավորի կողմից նշանակված փորձաքննությունը շարունակվելու է, սակայն հետագայում որոշել է այն թողնել անկատար։ Պաշտպանի համոզմամբ՝ քրեական դատավարության օրենսգիրքը նման դատավարական գործողություն չի նախատեսում, և դատարանը կայացրել է իրավական հիմք չունեցող որոշում։

Նարեկ Գրիգորյանը նաև հիշեցրեց մի շարք դատական նիստերում կայացված որոշումները՝ պնդելով, որ դատարանը տարբեր դեպքերում սահմանափակել է պաշտպանության հնարավորությունները, մերժել է պաշտպանության միջնորդությունները, սակայն բավարարել է հանրային մեղադրողի դիրքորոշումները։ Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է ինչպես վկաներին ուղղվող հարցերի սահմանափակմանը, այնպես էլ նախկին ցուցմունքների հրապարակման, ռազմագիտական փորձաքննության նշանակման և այլ դատավարական հարցերի վերաբերյալ դատարանի դիրքորոշումներին։

Պաշտպանը բացարկի հիմնավորումներում անդրադարձավ նաև հունիսի 17-ի հանգամանքին՝ նշելով, որ հենց այն օրը, երբ դատարանը մերժել էր պաշտպանության միջնորդությունը ռազմագիտական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, հանրային մեղադրողը մինչև նիստի մեկնարկը գտնվել է դատավորի աշխատասենյակում։ Նրա խոսքով՝ նույնիսկ եթե որևէ անօրինական շփում տեղի չի ունեցել, նման իրավիճակը կարող է օբյեկտիվ դիտորդի մոտ հիմնավոր կասկած առաջացնել դատարանի անաչառության վերաբերյալ։ Այդ համատեքստում նա վկայակոչեց նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորված իրավական մոտեցումները և հայտարարեց նախագահող դատավորին բացարկ։

Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը առարկեց ներկայացված բացարկին՝ այն համարելով անհիմն։ Նրա խոսքով՝ դատաքննությունը նոր քրեական դատավարության օրենսգրքով սկսվել է սկզբից, հետևաբար նախկին դատավորի կողմից նշանակված փորձաքննությունը չէր կարող շարունակվել նույն կարգով։ Դատախազը նշեց, որ ռազմագիտական փորձաքննության նշանակումը օրենքով պարտադիր չէ, իսկ դատարանը որևէ կերպ կաշկանդված չէր նախկին կազմի կայացրած որոշումներով։

Անդրադառնալով իր՝ դատավորի աշխատասենյակ այցելելու վերաբերյալ հրապարակված տեղեկությանը՝ Հայկ Մարգարյանը հայտարարեց, որ դատավորի հետ անձնական հարաբերություններ չունի և որևէ ազդեցություն չի կարող ունենալ դատարանի որոշումների վրա։ Նրա խոսքով՝ ներկայացված հանգամանքը չի կարող դիտվել որպես կողմնակալության ապացույց, իսկ դատարանի այս կամ այն որոշման համընկնումը հանրային մեղադրողի դիրքորոշման հետ չի նշանակում, թե դատարանը ղեկավարվել է մեղադրանքի կողմի կարծիքով։

Բացարկի միջնորդությանը դեմ արտահայտվեց նաև տուժողի իրավահաջորդներից մեկը՝ նշելով, որ պաշտպանության ներկայացրած փաստարկներն իրականում վերաբերում են դատարանի դատավարական գործունեության գնահատականներին և չեն կարող հիմք հանդիսանալ դատավորին բացարկ հայտնելու համար։

Լսելով կողմերի դիրքորոշումները՝ դատարանը հայտարարեց, որ ներկայացված միջնորդությունը չի գնահատում որպես անձնական բնույթի հայտարարություն դատավորի հասցեին։ Նախագահող դատավորը նշեց, որ դատարանը տվյալ գործով գործում է բացառապես որպես պետական իշխանություն իրականացնող մարմին, իսկ ներկայացված բոլոր միջնորդությունները լուծվում են օրենքի, գործի նյութերի և դատարանի ներքին համոզմունքի հիման վրա։ Դատարանը հայտնեց, որ բացարկի վերաբերյալ որոշումը կկայացնի խորհրդակցությունից հետո։

Հիշեցնենք, որ նախորդ նիստում պաշտպանական կողմը միջնորդել էր հարցաքննել նախկին ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ինչից հետո նիստն անցկացվել էր դռնփակ։






Կարդացեք նաև՝

Leave a Comment