7.1 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ զոհերի թիվը հասել է 13-ի

Ճապոնիայի հարավում երեքշաբթի տեղի ունեցած 7.1 մագնիտուդով ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, հայտնել է երկրի վարչապետ Սանաե Տակաիչին։

Ամենաշատը տուժել է Կումամոտո պրեֆեկտուրան, շուրջ 10 հազար բնակիչ տարհանվել է, մոտ 37 հազար տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրաէներգիայի։

Տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով փլուզվել է Կումամոտոյի Aeon Mall առևտրի կենտրոնի մի մասը։ Փլատակներից հաջողվել է փրկել ութ մարդու, երկու կին մահացել են, մեկ մարդ մահացել է սրտի կաթվածից։ Իշխանությունները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները և ճշտում անհետ կորածների թիվը։

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 16:27-ին՝ Կյուսյու կղզու ցամաքային հատվածում։ Ստորգետնյա ցնցման օջախը գտնվել է ընդամենը 10 կիլոմետր խորության վրա, ինչը մեծացրել է ավերածությունների վտանգը։

Վարչապետ Տակաիչին հայտնել է, որ աղետի հետևանքով վնասվել են ճանապարհներ և կամուրջներ։ Նրա խոսքով՝ Կումամոտոյի նահանգապետի խնդրանքով տուժած շրջաններում ներգրավվել են Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի շուրջ 3600 զինծառայող, որոնք մասնակցում են փրկարարական և վերականգնողական աշխատանքներին։

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը նախազգուշացրել է, որ առաջիկա օրերին հնարավոր են ուժեղ հետցնցումներ։ Գերատեսչության տվյալներով՝ հիմնական երկրաշարժից հետո արդեն գրանցվել է 61 հետցնցում։

Leave a Comment