Ռոնալդուն զբաղվելու է բրիտանական ֆուտբոլի մասին պատմող սերիալի ստեղծմամբ

Ինչպես հաղորդում է The Sun-ը, Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն զբաղվելու է բրիտանական ֆուտբոլի մասին պատմող սերիալի ստեղծմամբ։

41-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա որպես նախագծի գործադիր պրոդյուսեր։ Սերիալի սյուժեի կենտրոնում լինելու է հորինված ֆուտբոլային գործակալ, որի դերը կմարմնավորի հայտնի դերասան Դեմիեն Լյուիսը։ Վերջինս հեռուստադիտողին առավել հայտնի է «Միլիարդներ» (Billions), «Հայրենիք» (Homeland) և «Զինակից եղբայրներ» (Band of Brothers) սերիալներից:

Նկարահանումներն արդեն մեկնարկել են:

Հատկանշական է, որ Ռոնալդուն ոչ միայն պրոդյուսերական աշխատանքներով է զբաղվելու, այլև ինքն անձամբ է նկարահանվելու սերիալում։ Նկարահանումներին կմասնակցի նաև Լոնդոնի «Արսենալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հեռուստասերիալը կլինի դրամայի ժանրում, սակայն համեմված կատակերգական տարրերով։

Նախագիծն իրականացնում է «UR Marv Studios» կինոստուդիան, որը Ռոնալդուն ղեկավարում է հայտնի պրոդյուսեր Մեթյու Վոնի հետ համատեղ։

Leave a Comment