«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է, թե ինչ է տեղի ունենում ձեր հին հեռախոսի կամ նոութբուքի մարտկոցի հետ, երբ այն պարզապես նետում եք աղբը։
«Շատերը կարծում են, որ օգտագործված մարտկոցը պարզապես դադարում է աշխատել։ Սակայն իրականում այն կարող է վտանգավոր լինել՝ առաջացնելով հրդեհներ աղբավայրերում կամ թափոնների տեսակավորման կայաններում։
Ի՞նչ է պարունակում լիթիում-իոնային մարտկոցը
Մարտկոցները պարունակում են արժեքավոր նյութեր և մետաղներ, այդ թվում՝ լիթիում, նիկել, կոբալտ, մանգան, գրաֆիտ, պղինձ և ալյումին, որոնք սահմանափակ բնական ռեսուրսներ են։
Ինչպե՞ս են վերամշակվում լիթիում-իոնային մարտկոցները
Վերամշակման գործընթացը սկսվում է մարտկոցների հավաքագրումից և տեսակավորումից։ Այնուհետև դրանք անվտանգ կերպով մանրացվում են։ Մանրացման ընթացքում ստացվում են տարբեր նյութական հոսքեր՝
- «Սև զանգված»՝ մանրացված կաթոդներից և անոդներից կազմված նյութ, որը պարունակում է արժեքավոր մետաղներ,
- պղնձե և ալյումինե փայլաթիթեղներ,
- բաժանիչներ՝ բարակ պլաստիկ թաղանթներ,
- այլ պլաստմասսաներ,
- պողպատե տարրեր,
- էլեկտրոլիտ։
Հետագա մշակման արդյունքում հատուկ տեխնոլոգիաներով վերականգնվում են արժեքավոր մետաղները, որոնք կարող են կրկին օգտագործվել նոր մարտկոցների արտադրության մեջ։
Ինչո՞ւ է դա կարևոր
Լիթիում-իոնային մարտկոցների վերամշակումը հնարավորություն է տալիս՝
- նվազեցնել վտանգավոր թափոնների քանակը,
- կանխել հրդեհների առաջացումը,
- խնայել բնական պաշարները,
- ապահովել նոր մարտկոցների արտադրության համար անհրաժեշտ հումքը,
- աջակցել մաքուր էներգիայի և էլեկտրական տրանսպորտի զարգացմանը։
Մի՛ նետեք օգտագործված մարտկոցները կենցաղային աղբի հետ։ Դրանք արժեքավոր ռեսուրս են, ոչ թե պարզապես թափոն»: