«Պետական նպաստների մասին» գործող օրենքը սահմանում է հրատապ օգնության տեսակները և տրամադրման հիմքերը։ Դրա համաձայն՝ երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում ընտանիքը կարող է ստանալ հրատապ օգնություն։
Ինչպես հայտնում է Iravaban.net-ը, երեխայի առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը 25․000 դրամ է, այն վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:
Օրենքի 20-րդ հոդվածը սահմանում է երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունքը և դրա տրամադրման կարգը։ Ըստ այդմ՝
- Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ անապահովության նպաստ ստանալու իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան:
- Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը տարածքային կենտրոն առցանց ներկայացնում է դիմում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի անապահովության նպաստ ստանալու իրավունք:
- Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է ընտանիքի՝ առաջին դասարան ընդունվող յուրաքանչյուր երեխայի համար:
- Երեխայի առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում: