ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի դատական գործով դատախազությունը ցանկանում է հայցում ներառել նոր գույքեր

Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 21-ին՝ դատավոր Աշխեն Ղարսլյանի նախագահությամբ, շարունակվել է ՀՀ գլխավոր դատախազության հայցի քննությունը՝ ՀՀ վաստակավոր իրավաբան, ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ Վահրամ Շահինյանի, նրա կնոջ՝ Սուսաննա Ավետիսյանի և մյուսների դեմ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։

Նիստին չէին ներկայացել պատասխանողներ Լիանա Ղազարյանն ու Գոհար Գորոյանը։ Դատարանը, արձանագրելով, որ նրանք պատշաճ ծանուցված են եղել նիստի վայրի և ժամանակի մասին, որոշեց նախնական դատական նիստը շարունակել նրանց բացակայությամբ։

Նիստի սկզբում քննարկվեց նաև դատական նիստի տեսանկարահանման հարցը։  Սակայն պատասխանողներ Վահրամ Շահինյանի և Սուսաննա Ավետիսյանի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը առարկեց տեսանկարահանմանը՝ նշելով, որ իր վստահորդների համաձայնությունը չունի։ Նրա դիրքորոշմանը միացավ նաև մյուս ներկայացուցիչ Գևորգ Մինասյանը։

Դատարանը, ղեկավարվելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 9-րդ մասով, տեսանկարահանման թույլտվություն չտվեց։

Դրանից հետո դատախազության ներկայացուցիչ Նաիրա Արտաշեսյանը դատարանին ներկայացրեց նոր տեղեկություններ և ապացույցներ, այդ թվում՝ Մաշտոցի 9 հասցեի գույքի վերաբերյալ իրականացված հարցումների պատասխանները։ Դատախազությունը նաև միջնորդություն ներկայացրեց հայցի հիմքն ու առարկան փոփոխելու վերաբերյալ։

Մասնավորապես, առաջարկվում էր հայցի շրջանակում ներառել նաև մի շարք գույքեր, որոնք, ըստ դատախազության, 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի սկիզբն ընկած ժամանակահատվածում օտարվել են։

Դատախազության ներկայացուցիչը պարզաբանեց, որ գույքերի օտարման վերաբերյալ կասկածները եղել են դեռևս ուսումնասիրության փուլում, իսկ այժմ այդ դիրքորոշումը հիմնավորելու համար ներկայացվել է լրացուցիչ ապացույցների բազա։

Պատասխանողների ներկայացուցիչները, սակայն, առարկեցին միջնորդության անմիջական քննարկմանը։ Նրանք նշեցին, որ միջնորդությունը ծավալուն է՝ շուրջ 53 էջ, և անհրաժեշտ է ժամանակ՝ դրան ծանոթանալու և իրենց վստահորդների հետ քննարկելու համար։

Պաշտպանական կողմը նաև պնդեց, որ դատախազությունը նոր գործողություններ է իրականացրել գործի՝ դատարանում գտնվելու շուրջ երկու տարվա ընթացքում, և դա կարող է վկայել դատավարական իրավունքների ոչ բարեխիղճ իրացման մասին։ Դատախազության ներկայացուցիչը, իր հերթին, հերքեց իրավունքի չարաշահման վերաբերյալ պնդումները՝ նշելով, որ հարցումները կատարվել են սահմանված կարգով, իսկ գույքերի վերաբերյալ կասկածները սկզբից են եղել։

Քանի որ պատասխանողների ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն կարող այս նիստում դիրքորոշում հայտնել հայցի փոփոխության թույլատրելիության վերաբերյալ, դատարանը որոշեց նախնական դատական նիստը հետաձգել։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2026 թվականի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին։

Թագուհի Մանուկյան

 

Leave a Comment