24 Հուլիսի 2026, 19:40
ՀՀ վաստակավոր արտիստ, օպերային երգիչ Գևորգ Հակոբյանը մասնակցում է Եվրոպայի խոշորագույն բացօթյա օպերային փառատոններից մեկին՝ «Oper im Steinbruch»-ին։
Փառատոնն անցկացվում է Ավստրիայի Բուրգենլանդ նահանգի Սուրբ Մարգարեթեն (St. Margarethen) բնակավայրի հռոմեական քարհանքում՝ եզակի բնական բեմահարթակի վրա։ Այս տարի փառատոնը մեկնարկել է Ջակոմո Պուչչինիի «Տոսկա» օպերայի պրեմիերայով։
Օպերայում բարիտոն Գևորգ Հակոբյանը հանդես է եկել ոստիկանապետ Բարոն Սկարպիայի դերերգով՝ արժանանալով ավստրիացի երաժշտական քննադատների բարձր գնահատականին։
«Տոսկա» օպերայի ներկայացումները կշարունակվեն մինչև օգոստոսի 22-ը։ Կազմակերպիչներն ակնկալում են, որ այդ ընթացքում ներկայացումը կդիտեն տասնյակ հազարավոր արվեստասերներ՝ Ավստրիայից և այլ երկրներից։