«Ռոսսելխոզնադզորը» հայտնել է հուլիսի 27-ից Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման սահմանափակում մտցնելու մասին։
Գերատեսչության հրապարակած փաստաթղթի համաձայն՝ սահմանային վերահսկողության մարմիններին հանձնարարական է տրվել 2026 թվականի հուլիսի 27-ից չթույլատրել Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան։
«Ռոսսելխոզնադզորը» հայտնել է նաև, որ հուլիսի 14-21-ը ստուգումներ է իրականացրել Հայաստանի մի շարք կաթնամթերք վերամշակող ձեռնարկություններում, որոնք նախկինում ռուսական շուկա արտահանում էին արտադրանք՝ Հայաստանի անասնաբուժական ծառայության երաշխիքներով։
Ստուգումների ընթացքում, ըստ ռուսական կողմի, հայտնաբերվել են խախտումներ արտադրանքի հետագծելիության համակարգում, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի ձևակերպման, փորձաքննության, ինչպես նաև ռիսկերի կառավարման և արտադրական վերահսկողության ծրագրերի իրականացման ոլորտներում։
Գերատեսչության հայտարարության համաձայն՝ սահմանափակումներն ընդունվել են՝ Ռուսաստանում առանձնապես վտանգավոր վարակների ներթափանցումը և ներքին շուկայում ոչ անվտանգ կաթնամթերքի իրացումը կանխելու նպատակով։