ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի գույքի գործով նոր հարցումներ․ հայցը կարող է փոխվել

2026 թվականի հունվարի 29-ին ՀՀ դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան հայցադիմում է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս և քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանի ու նրա ընտանիքի անդամների վերաբերյալ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։

Գործով դատախազությունը շարունակում է լրացուցիչ տեղեկություններ հավաքել։

Դատական նիստի ընթացքում քննարկվել է նաև նիստի տեսանկարահանման հարցը։ Դատավարության մասնակիցների դիրքորոշումները լսելուց հետո դատարանը արձանագրել է, որ պատասխանող Սամվել Հակոբյանի ներկայացուցիչը դեմ է տեսանկարահանմանը։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ դատարանը, ղեկավարվելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 9-րդ մասով, չի թույլատրել դատական նիստի տեսանկարահանումը։

Միաժամանակ դատարանը պարզաբանել է, որ դատական նիստի ընթացքում ձայնագրությունը և սղագրությունը կարող են իրականացվել առանց դատարանի հատուկ թույլտվության։

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Աշխեն Ղարսլյանի նախագահությամբ հուլիսի 20-ին տեղի ունեցած դատական նիստում դատարանը դեռևս չէր անցել ապացուցման բեռի բաշխման փուլին։ Պատճառն այն էր, որ կողմերը չէին բացառել նոր փաստերի և դիրքորոշումների ներկայացումը։

Ավելին՝ լրացուցիչ տեղեկությունների ստացումից հետո կարող է փոփոխվել նաև դատախազության ներկայացրած հայցի հիմքն ու առարկան։

Դատախազությունը լրացուցիչ հարցումներ է ուղարկել մի շարք պետական մարմինների և ընկերությունների։

Մասնավորապես՝ «Ուրիալ» ՍՊԸ-ին ուղղված հարցմամբ փորձ է արվում պարզել Աիդա Սամսոնյանին տրամադրված փոխառության ճակատագիրը՝ արդյոք այն վերադարձվել է, թե ոչ։ Կադաստրի կոմիտեից պահանջվել են տեղեկություններ Վարդաշենում գտնվող բնակարանի ձեռքբերման և հետագայում օտարման վերաբերյալ։

Առանձին հարց է դիվանագիտական ծառայության ընթացքում ստացված փոխհատուցումները։

Ներկայացուցիչը պնդում է, որ այդ գումարները պետք է դիտարկվեն որպես օրինական եկամուտ։

Սակայն դատախազությունը դեռ պետք է պարզի՝ փոխհատուցումների ամբողջ գումարն ինչ նպատակով է տրամադրվել և արդյոք այն ամբողջությամբ կարող է ներառվել օրինական եկամուտների հաշվարկում։

Գործի համար առանցքային է նաև նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկը։

Դատախազությունը նշում է, որ ընտանիքի անդամների՝ Հայաստանից դուրս գտնվելու ժամանակահատվածները կարող են ազդեցություն ունենալ այդ հաշվարկների վրա։ Այդ պատճառով ուսումնասիրվում են նաև Ռուբիկ, Անի, Սամվել Հակոբյանների և Աիդա Սամսոնյանի սահմանահատումների վերաբերյալ տվյալները։

Այսպիսով, կողմերի միջև վեճի առանցքում ոչ միայն գույքի ծագման օրինականության հարցն է, այլև այն, թե որ եկամուտներն ու ծախսերը պետք է ներառվեն հաշվարկներում։

Դատախազությունը հայտարարել է, որ լրացուցիչ տեղեկությունների ստացումից հետո կներկայացնի իր ամբողջական դիրքորոշումը և, անհրաժեշտության դեպքում, կվերանայի հայցի հիմքն ու առարկան։

Այս փուլում դատարանը չի անցել ապացուցման բեռի բաշխմանը՝ կողմերին հնարավորություն տալով լրացնել իրենց դիրքորոշումները և ներկայացնել նոր փաստեր։

Ռուբիկ Հակոբյանի և մյուս պատասխանողների գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10:00-ին։

Թագուհի Մանուկյան

Leave a Comment