Հայաստանում աշխատատեղերի աճը կապված է այլ գործոնների հետ․ Sputnik Արմենիայի

Հայաստանում վերջին տարիներին գրանցված աշխատատեղերի աճը պայմանավորված է ոչ միայն նոր աշխատատեղերի ստեղծմամբ, այլև մի շարք այլ գործոններով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է տնտեսագետ Աղասի Թավադյանը։

Նրա խոսքով՝ պաշտոնական տվյալներով՝ վերջին 9 տարում Հայաստանում գրանցված աշխատատեղերի թիվն ավելացել է ավելի քան 300 հազարով՝ 527 հազարից հասնելով շուրջ 829 հազարի։

Տնտեսագետը նշել է, որ աշխատատեղերի աճի մի մասը կապված է «թավշյա հեղափոխությունից» հետո բիզնեսների կողմից նախկինում չգրանցված աշխատողների պաշտոնական գրանցման հետ։

«Փաստացի այդ մարդկանց մեծ մասը նախկինում էլ աշխատում էր, պարզապես սկսեցին գրանցվել», – ասել է Թավադյանը։

Նա որպես մեկ այլ գործոն նշել է եկամտահարկի փոփոխությունները, որոնք նույնպես նպաստել են ստվերային աշխատատեղերի դուրսբերմանը։

Տնտեսագետի գնահատմամբ՝ 2022 թվականից հետո աշխատատեղերի աճի վրա ազդեցություն է ունեցել նաև ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված կապիտալն ու աշխատուժը։

Նրա խոսքով՝ աշխատատեղերի աճը Հայաստանում հավասարաչափ չի բաշխվել։ Աշխատավարձերի ֆոնդի ավելի քան 80 տոկոսը կենտրոնացած է Երևանում, հատկապես՝ ՏՏ, ծառայությունների և բանկային ոլորտներում։

Տնտեսագետը նաև չի բացառել, որ աշխատատեղերի աճի վրա ազդեցություն ունեն արտերկրից Հայաստան եկած աշխատողները, այդ թվում՝ Հնդկաստանի, Ֆիլիպինների և այլ երկրների քաղաքացիները։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, մարզերում զբաղվածության խնդիրը շարունակում է մնալ․ հատկապես մի շարք մարզերում պաշտոնական աշխատատեղերի մեծ մասը կապված է պետական հատվածի հետ։

Leave a Comment