Նարեկ Կարապետյանի առնչությամբ Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարի՝ Նարեկ Կարապետյանի առնչությամբ Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին լրագրողներին այսօր հայտնեց «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը: Նիստը տեղի կունենա խորհրդարան անցած ուժերին պատգամավորական մանդատները հանձնելուց հետո:

Ինչի համար է Գլխավոր դատախազությունը դիմել ԿԸՀ, ինչ են քննարկելու այսօր ժամը 17:00-ին, Վարդևանյանը վստահեցրեց, որ տեղյակ չէ՝ ինչի մասին է խոսքը:

«Հիմա պատկերացրեք Նարեկ Կարապետյանը այսօր ժամը 15:00-ին պատգամավորի կարգավիճակ է ձեռք բերում, բայց երկու ժամ անց ԿԸՀ-ն իր վերաբերյալ միջնորդություն պետք է քննի: Հերթական քաղաքական հետապնդումն է ու միջամտությունը: Որ միջամտեն ու խոչընդոտեն: Սա իրավունքի նկատմամբ ծաղր է», – ասել է փաստաբան Վարդևանյանը:

Նարեկ Կարապետյանի դեմ քրեական գործ հարուցվեց նախընտրական փուլում, ըստ որի՝ պատգամավորի թեկնածուն «դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը»։ Նա հերքել էր, որ այլ երկրի քաղաքացիություն է ունեցել, բայց քրեական գործը չի կարճվել:

Դատախազությունը մի անգամ էլ էր միջնորդություն ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ԿԸՀ-ն այն վերադարձրել էր:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment