Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ շենգենյան վիզա ստանալու համար

Հայաստանում շենգենյան վիզայի դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ են հետևյալ հիմնավորող փաստաթղթերն ու տեղեկությունները:
Դիմում-հարցաթերթիկ և դիմողի ինքնությունը հավաստող տվյալներ

  • Լրացված և ստորագրված դիմում-հարցաթերթիկ
  • Վավեր անձնագիր (անձնագիրը պետք է վավեր լինի առնվազն 3 ամիս այն օրվանից հետո, երբ նախատեսում եք լքել շենգենյան գոտու տարածքը, և ունենա առնվազն 2 դատարկ էջ), այդ թվում՝ անձնական տվյալների և լուսանկարի էջի, վիզաներ և կնիքներ պարունակող բոլոր էջերի պատճենները
  • Վավեր ու անվավեր անձնագրերի բնօրինակներն ու պատճենները (վիզաներ և կնիքներ պարունակող բոլոր էջերի պատճեններով) (միայն Իսպանիայի դեպքում)
  • Նախորդ 3 տարվա ընթացքում ստացված շենգենյան վիզաներ պարունակող էջերի պատճենները (միայն Ավստրիայի դեպքում)
  • Այլ վավեր անձնագրեր՝ առկայության դեպքում (միայն Լեհաստանի դեպքում)
  • 1 կամ 2 նոր կենսաչափական լուսանկարներ (3.5 × 4.5սմ, սպիտակ ֆոնով)

Ճամփորդություն և կացություն

  • Վերադարձով ավիատոմսի ամրագրում
  • Հունաստանը պահանջում է ամբողջ այցելության ժամանակացույցը
  • Շենգենյան գոտում բնակվելու վայրի վերաբերյալ ապացույց (օրինակ՝ հյուրանոցի ամրագրում)
  • Հունաստանը պահանջում է նաև հյուրանոցի համար վճարման ապացույցները
  • Եթե ճամփորդության ընթացքում պատրաստվում եք այցելել շենգենյան գոտու մի քանի երկրներ, ապա բնակության վայրի վերաբերյալ ապացույցներն անհրաժեշտ են բոլոր երկրների համար
  • Ճամփորդական բժշկական ապահովագրության վկայագիր շենգենյան բոլոր երկրների համար (նվազագույնը €30,000 ապահովագրական վճարի սահմանաչափով)

Ֆինանսական միջոցներ և աշխատանք

  • Բանկային հաշվի քաղվածքի բնօրինակը (նախորդող 3–6 ամիսների համար)
  • Գործատուի կողմից տրված տեղեկանք (առավելագույնը մեկ ամսվա վաղեմության), որտեղ նշվում են աշխատավարձի չափը և աշխատանքային պայմանագրի ժամկետը
  • Գործատուի կողմից տրված՝ աշխատանքից բացակայելու թույլտվություն կամ արձակուրդը հաստատող տեղեկանք (միայն Ավստրիայի դեպքում)
  • Աշխատանքային պայմանագիր (միայն Ֆրանսիայի դեպքում)
  • Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված՝ ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածք, որտեղ նշված է աշխատավարձի չափը (Ավստրիայի և Գերմանիայի դեպքում)
  • Հովանավորված ճամփորդությունների դեպքում՝ հովանավորի կողմից տրված հիմնավորող նամակ և հարակից այլ փաստաթղթեր (հովանավորի բանկային հաշվի քաղվածքը և անձը հաստատող փաստաթուղթը)
  • Ձեռներեցների դեպքում՝ իրավաբանական անձի գրանցման վկայականը և հարկային տեղեկանքը
  • Ուսանողների դեպքում՝ ուսանողական քարտ, տեղեկանք ուսումնական հաստատությունից և խնամակալի կամ հովանավորի մոտ բավարար ֆինանսական միջոցների առկայության ապացույց
  • Թոշակառուների դեպքում՝ թոշակի վերաբերյալ տեղեկանք կամ քաղվածքներ, ինչպես նաև սեփականության իրավունքի վկայական(ներ) (առկայության դեպքում)

Հայաստանի հետ կապերը

  • Սեփականության իրավունքի վկայական(ներ) (Չեխիա, Իտալիա, Լիտվա, Լեհաստան, Հունաստան)
  • Քաղաքացիական կարգավիճակի վերաբերյալ տեղեկություններ (ամուսնության վկայական, երեխաների ծննդյան վկայականներ, ընտանեկան այլ կապերը ապացուցող փաստաթղթեր)(Գերմանիա, Լիտվա, Իտալիա, Ֆրանսիա)

Անչափահասներ

  • Ծննդյան վկայական և անձնագիր
  • Ծնողների անձնագրերի պատճեններ
  • Մեկ ծնողի ուղեկցությամբ կամ առանց ծնողների ճամփորդելու դեպքում՝ ծնող(ներ)ի համաձայնություն նոտարական վավերացմամբ (անգլերեն թարգմանությամբ) Հայերեն լեզվով փաստաթղթերը պետք է ներկայացվեն անգլերեն (կամ համապատասխան երկրի պաշտոնական լեզվով) նոտարական թարգմանությամբ։

Նոտարական թարգմանություն չի պահանջում միայն Գերմանիայի հյուպատոսությունը։ Դիմումը պատրաստելիս խորհուրդ է տրվում պարտադիր այցելել համապատասխան հյուպատոսության կայքը  և տեղեկանալ այայնտեղ հրապարակված անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին։

Աղբյուրը՝ Արտաքին գործերի նախարարություն։

Leave a Comment