«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Իսկ դուք գիտե՞ք, ինչու է օվկիանոսի ջուրը աղի, իսկ գետերինը՝ ոչ» վերնագրով:
«Անձրևաջրերը, թափանցելով հողի և ապարների միջով, լուծում են դրանցում պարունակվող տարբեր հանքային աղերն ու նյութերը։ Այնուհետև այդ աղերը գետերի և առուների միջոցով տեղափոխվում են դեպի լճեր, ծովեր և, վերջապես, օվկիանոսներ։
Գետերի ջուրը մշտապես հոսում և թարմացվում է տեղումներով, աղբյուրներով և ձնհալով։ Աղերի քանակը գետերում համեմատաբար փոքր է, քանի որ դրանք շարունակ տեղափոխվում են դեպի ծովեր և օվկիանոսներ, իսկ ջուրը չի հասցնում զգալիորեն աղիանալ։
Օվկիանոսներում իրավիճակը տարբեր է։ Արևի ազդեցությամբ ջուրը անընդհատ գոլորշիանում է, սակայն հանքային աղերը չեն գոլորշիանում և մնում են ջրում։ Միլիոնավոր տարիների ընթացքում գետերի կողմից բերված նոր աղերը կուտակվել են օվկիանոսներում, ինչի արդյունքում դրանց աղիությունը աստիճանաբար աճել է։
Այսօր օվկիանոսի ջրի միջին աղիությունը կազմում է մոտ 35% (պրոմիլ), այսինքն՝ յուրաքանչյուր 1 կիլոգրամ օվկիանոսի ջրում միջինում լուծված է շուրջ 35 գրամ աղ։ Այդ աղերի հիմնական մասը նատրիումի և քլորի իոններն են, որոնք միասին կազմում են նատրիումի քլորիդը՝ սովորական կերակրի աղը։
Հենց այս բնական և երկարատև գործընթացների շնորհիվ է, որ օվկիանոսների ջուրը աղի է, իսկ գետերի ջուրը՝ հիմնականում քաղցրահամ»։