Մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների կրթաթոշակների նոր կարգ է մշակվել

Iravaban.netուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակած կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է սահմանել մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներին պետության կողմից լրիվ կամ մասնակի կրթաթոշակ տրամադրելու նոր կարգը։

Նախագծով սահմանվում են կրթաթոշակների տրամադրման չափանիշները, հիմքերը, դեպքերը և չափերը՝ նպատակ ունենալով ներդնել միասնական, թափանցիկ և հասցեական ֆինանսավորման համակարգ։

 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի պահանջի կատարմամբ, որի համաձայն՝ մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներին պետության կողմից լրիվ կամ մասնակի կրթաթոշակ տրամադրելու կարգը, այդ թվում՝ չափանիշները, հիմքերը, դեպքերը և կրթաթոշակի չափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Նախագծի ընդունմամբ կապահովվի օրենքի կիրարկումը և մասնագիտական կրթության ոլորտում պետական ֆինանսավորման նոր մոդելի ներդրումը՝ սահմանելով կրթաթոշակների տրամադրման միասնական, թափանցիկ և կանխատեսելի կարգավորում։

Ընթացիկ իրավիճակի վերլուծություն և առկա խնդիրները, կարգավորման առարկան

Մասնագիտական կրթության և ուսուցման մասին նոր օրենքով նախատեսվում է կրթաթոշակային քաղաքականությունն իրականացնել նոր մոտեցումներով և ընթացակարգերով՝ հաշվի առնելով, որ մասնագիտական ուսումնական հաստատություններում իրականացվում է տարբեր ոլորտների և առանձնահատկությունների մասնագետների պատրաստում։ Այդ հանգամանքով պայմանավորված՝ անհրաժեշտ է կիրառել տարբերակված և առանձնացված ֆինանսավորման մեխանիզմներ ու բանաձևեր, որոնք հնարավորություն կտան առավել արդյունավետ և նպատակային բաշխել պետական ֆինանսական աջակցությունը։ Ներկայում մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակների տրամադրումը կարգավորվում է նախկին իրավակարգավորումներով, որոնք ամբողջությամբ չեն համապատասխանում «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի պահանջներին և չեն ապահովում պետական ֆինանսավորման ժամանակակից սկզբունքների լիարժեք կիրառումը։ Մասնավորապես, գործող կարգավորումները չեն նախատեսում կրթաթոշակների տրամադրման միասնական չափանիշներ, չեն ապահովում սոցիալական և ակադեմիական գործոնների համակցված գնահատումը, ինչպես նաև չեն սահմանում կրթաթոշակների չափերի հաշվարկման միասնական մեխանիզմ։ Նախագծով առաջարկվում է՝

• սահմանել լրիվ և մասնակի կրթաթոշակ տրամադրելու միասնական չափանիշները, հիմքերը և դեպքերը,

• սահմանել կրթաթոշակների տրամադրման և փոխատեղման ընթացակարգերը,

• ներդնել կրթաթոշակի չափերի հաշվարկման միասնական բանաձև, որը հիմնված է կրթական ծրագրերի առանձնահատկությունների, գործնական ուսուցման ծավալի, նյութածախսի, ուսումնական հաստատությունների գործունեության պայմանների և այլ օբյեկտիվ ցուցանիշների վրա,

• ապահովել պետական աջակցության առավել հասցեական տրամադրումը՝ սոցիալական աջակցության կարիք ունեցող, բարձր առաջադիմություն ունեցող, սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերից, ինչպես նաև պետության համար առաջնահերթ մասնագիտություններով սովորող ուսանողներին։ Միաժամանակ նախատեսվում է նոր համակարգի փուլային ներդրում՝ 2026-2027 ուսումնական տարվանից սկսած՝ մինչև չորս տարվա ընթացքում։

Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է՝

• ապահովել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի պահանջների իրականացումը,

• ներդնել մասնագիտական կրթության ոլորտում կրթաթոշակների տրամադրման միասնական և թափանցիկ համակարգ,

• բարձրացնել պետական ֆինանսավորման արդյունավետությունն ու հասցեականությունը,

• խթանել ուսանողների առաջադիմությունը և մասնագիտական հաջողությունները,

• բարձրացնել սոցիալապես խոցելի խմբերի կրթության մատչելիությունը,

• նպաստել պետության համար առաջնահերթ և կարևոր մասնագիտություններով մասնագետների պատրաստմանը,

• ապահովել պետական բյուջեի միջոցների առավել արդյունավետ և հիմնավորված բաշխումը

• ներդնել կրթաթոշակի չափերի հաշվարկման միասնական բանաձև, որը հիմնված է կրթական ծրագրերի առանձնահատկությունների, գործնական ուսուցման ծավալի, նյութածախսի, ուսումնական հաստատությունների գործունեության պայմանների վրա։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Միջոցառման անհրաժեշտությունը բխում է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 9-րդ մասից՝ ըստ որի ՀՀ կառավարությունը սահմանում է պետության կողմից լրիվ կամ մասնակի կրթաթոշակ տրամադրվելու կարգը, այդ թվում՝ չափանիշները, հիմքերը, դեպքերը և կրթաթոշակի չափերը: Միջոցառման անհրաժեշտությունը բխում է նաև ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի 1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կատավարության 2021-2026 թվականների Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բաժնի 11-րդ կետով սահմանված՝ «11. 2 ՆՄՄԿ ուսումնական հաստատություններում ընդունելության տեղերի բաշխման մեթոդաբանության մշակում» միջոցառման իրականացման անհրաժեշտությունից: Միջոցառման անհրաժեշտությունը հիմնավորվում է նաև ՀՀ կառավարության 08.01.2026թ. «Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը հաստատելու մասին» N 16-Լ որոշմամբ հաստատված Դոկտրինի 36-րդ կետի 1-ին ենթակետի պահանջով, այն է՝

«1) Կրթությունը՝ որպես «ռազմավարությունների ռազմավարություն»: Հայաստանի նոր տնտեսական պարադիգմի առաջին և առանցքային հիմքը կրթությունն է։ Առանց հասանելի, արդիական և մրցունակ կրթական համակարգի և կրթությունը՝ որպես ցկյանս ապրելակերպ որդեգրելու, բարեփոխումների արդյունավետությունը տուժում է։

Կրթված, իր իրավունքներն ու պարտականությունները գիտակցող քաղաքացիները պետության ազատության և ժողովրդավարական կենսունակության ամենահուսալի հենարանն են։ Կրթությունն այլևս պարզապես մեկ ճյուղային քաղաքականություն չէ, այլ դոկտրինի առանցքը, որը կանխորոշում է տնտեսական զարգացման ծավալն ու բովանդակությունը, պետական կառավարման արդյունավետությունն ու ճկունությունը, ազգային ինքնության ամրությունը և պետականության հարատևության օրակարգի հաջողությունը.», ինչպես նաև որոշման 90—րդ կետի, այն է՝ Որակյալ կրթություն և մրցունակ աշխատուժի ձևավորում:

Ընդհանուր նպատակն է ՀՀ-ում ստեղծել ընդգրկուն, բարձրորակ և ապագային միտված կրթական համակարգ, որը կապահովի հավասար հասանելիություն նախադպրոցականից մինչև մասնագիտական բարձրագույն կրթություն, կհամապատասխանի միջազգային չափանիշներին, կհզորացնի մարդկային կապիտալը և քաղաքացիներին յուրաքանչյուր տարիքում կզինի այն հմտություններով և որակներով, որոնք անհրաժեշտ են աշխատանքով սեփական բարեկեցությունն ապահովելու համար, ինչպես նաև «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին», «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առեվտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի N 914-Ա որոշման 8-րդ կետի պահանջից, այն է՝ «Պետության կողմից լրիվ կամ մասնակի կրթաթոշակ տրա- մադրելու կարգը, այդ թվում՝ չափանիշները, հիմքերը, դեպքերը և կրթաթոշակի չափերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելու հանձնարարականից:

Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված մարմիններ՝

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 6. ՀՀ պետական բյուջեում ավելացվող ծախսերի մասին «Պետական և հանրային մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեից ֆինանսավորման (ինստիտուցիոնալ ֆինանսավորում) կարգը, գործակիցները և նորմատիվները հաստատելու մասին» և «Մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներին պետության կողմից լրիվ կամ մասնակի կրթաթոշակ տրամադրելու կարգը, այդ թվում՝ չափանիշները, հիմքերը, դեպքերը և կրթաթոշակի չափերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում է ծախսերի ավելացում՝ հետևյալ չափով. քանի որ նախագծերով նախատեսվում է որոշումներով հաստատվող հավելվածների դրույթները կիրառել 2027-2028 ուսումնական տարվանից սկսած (ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից հաստատված քառամյա ժամանակացուցի)՝ 2027 թվականին կպահանջվի լրացուցիչ 541,410.0 հազ. դրամ, 2028 թվականին կպահանջվի լրացուցիչ 1,534,165.3 հազ. դրամ, 2029 թվականին կպահանջվի լրացուցիչ 2,272,379.3 հազ. դրամ, 2030 թվականին կպահանջվի լրացուցիչ 2,994,120.2 հազ. դրամ, իսկ 2031 թվականին կպահանջվի լրացուցիչ 3,428,992.5 հազ. դրամ, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։

Leave a Comment