ԱՀԾ-ի շենքերում կապի սարքավորումների տեղադրման կարգը կփոխվի․ ներկայացվել է նոր նախագիծ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացվել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է լրացումներ կատարել պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման գործող կարգում։ Iravaban.net–ը ուսումնասիրել է նախագիծը, ըստ որի՝ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության տնօրինությանը հանձնված շենքերում կապի սարքավորումների տեղակայման հնարավորությունը և օպերատորների հետ համապատասխան պայմանագրերի կնքումը կիրականացնի հենց Արտաքին հետախուզության ծառայությունը՝ անվտանգության հատուկ պահանջներից ելնելով։

Ներկա իրավիճակը, առկա խնդիրները

2013 թվականի հոկտեմբերի 3֊ի «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալու և պայմանագրերի կնքման կարգը հաստատելու մասին» N 1130֊Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանվում է ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների (բացառությամբ գաղտնի աշխատանքների համար նախատեսված) տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալու և պայմանագրերի կնքման կարգը։ Համաձայն Որոշման՝ պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների (բացառությամբ Ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ ԱԱԾ) և Պաշտպանության նախարարության (այսուհետ՝ ՊՆ) տնօրինությանը հանձնված շենքերի) տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու հնարավորությունը դիտարկում և պայմանագիր կնքում է Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե), իսկ ԱԱԾ֊ի ու ՊՆ֊ի տնօրինությանը հանձնված շենքերի ու շինությունների մասով՝ կապի սարքավորում տեղակայելու և սպասարկելու հնարավորությունը դիտարկում և պայմանագիր կնքում են վերջիններս։ Որոշմամբ սահմանվում է նաև, որ ԱԱԾ֊ի ու ՊՆ֊ի տնօրինությանը հանձնված շենքից մինչև 500 մետր հեռավորության պետական սեփականություն հանդիսացող շենքերի տանիքին կապի սարքավորում տեղակայելու և սպասարկելու համաձայնության տրամադրումը՝ Կոմիտեն նախապես պետք է ստանա նաև ԱԱԾ֊ի ու ՊՆ֊ի համաձայնությունը, իսկ պատմամշակութային հուշարձանների դեպքում՝ ԿԳՄՍՆ֊ի դրական կարծիքը։ Հաշվի առնելով ՀՀ արտաքին հետախուզության ծառայության գործունեության անվտանգային ստանդարտները, մասնավորապես՝ Ծառայության կողմից կապի, տեղեկատվական միջոցների անխափան շահագործման, կիբերպաշտպանության, տեխնիկական հետախուզության միջոցներից պաշտպանության ստանդարտների պահպանումը, Ծառայության սեփական անվտանգության ապահովման և Ծառայության բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությունը՝ առաջարկվում է Որոշման մեջ կատարել համապատասխան լրացումներ՝ ԱԱԾ֊ի ու ՊՆ֊ի մասով նախատեսված կարգավորումների տրամաբանությամբ առանձնահատուկ կարգավորում նախատեսելով նաև ՀՀ արտաքին հետախուզության ծառայության (այսուհետ՝ ԱՀԾ) մասով։

Նախագծի ընդունման արդյունքը

Որոշման ընդունման արդյունքում, ԱՀԾ֊ի տնօրինությանը հանձնված շենքերի տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու հնարավորությունը կդիտարկի և օպերատորների հետ համապատասխան պայմանագիրը կկնքի ԱՀԾ֊ն, իսկ ԱՀԾ֊ի տնօրինությանը հանձնված շենք֊շինություններից մինչև 500 մետր հեռավորության պետական սեփականություն հանդիսացող շենքերի տանիքին կապի սարքավորում տեղակայելու և սպասարկելու համաձայնություն տրամադրելուց առաջ Կոմիտեն կստանա ԱՀԾ֊ի համաձայնությունը։

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության կողմից։

 Պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունման արդյունքում պետական բյուջեում ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021֊2026թթ․ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ» Նախագիծն անուղղակիորեն բխում է Հայաստանի՝ մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարությունից, որի տեսլականներից մեկը աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկն ունենալն է, – տեղեկացնում է Iravaban.net։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն:

Leave a Comment