Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Յասիի WTA 250 մրցաշարի հիմնական փուլ

Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաջողությամբ հաղթահարել է Ռումինիայի Յասի քաղաքում անցկացվող WTA 250 կարգի հողածածկ մրցաշարի որակավորման փուլը։

Որակավորման առաջին շրջանում Ավանեսյանը 6:2, 6:2 հաշվով հաղթել է ռումինուհի Իրինա Ֆետեկաուին։ Իսկ հիմնական փուլ դուրս գալու համար վճռորոշ խաղում հայ թենիսիստուհին վստահ հաղթանակ է տարել գերմանուհի Էմիլի Զայբոլդի նկատմամբ՝ 6:2, 6:0 հաշվով։

Այսպիսով, Ավանեսյանը երկու անընդմեջ հաղթանակ է տարել՝ չզիջելով ոչ մի սեթ, և նվաճել Յասիի WTA 250 մրցաշարի հիմնական փուլում հանդես գալու իրավունքը։

Մրցաշարին կմասնակցի նաև WTA-ի դասակարգման 118-րդ հորիզոնականը զբաղեցնող Ալինա Չարաևան։ Նրա համար սա կլինի Հայաստանի դրոշի ներքո անցկացրած առաջին մրցաշարը։

Հիմնական փուլի առաջին շրջանում Չարաևան կմրցի Անդորրան ներկայացնող Վիկտորյա Խիմենես Կասինցևայի հետ, որը WTA-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 114-րդ տեղը։

Leave a Comment