Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացվել կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է փոխել գնահատման որակավորման քննությունների արդյունքների բողոքարկման կարգը։
Iravaban.net–ը ուսումնասիրել է նախագիծը, ըստ որի՝ նախատեսվում է վերացնել Կադաստրի կոմիտեի ղեկավարին վերադասության կարգով բողոք ներկայացնելու հնարավորությունը՝ պահպանելով հանձնաժողովին դիմելու և դատական կարգով բողոքարկելու իրավունքը։
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը և առկա վիճակը․
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի N 1044-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է գնահատման որակավորման քննությունների արդյունքների բողոքարկման գործող կարգավորումների վերանայման անհրաժեշտությամբ։ Գործող կարգավորմամբ որակավորման քննության առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա պատասխանի ճշտության վերաբերյալ նախատեսված է նախ հանձնաժողովին գրավոր բողոք ներկայացնելու ընթացակարգ։ Մասնավորապես՝ Կարգի հավելվածի 43-րդ կետի համաձայն՝ հայտատուները կարող են որակավորման ավարտից հետո մեկ ժամվա ընթացքում գրավոր բողոքարկել հանձնաժողովին՝ առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա պատասխանի ճշտության մասով, ինչի շրջանակում ներկայացված հարցադրումները ուսումնասիրվում են գնահատման ոլորտում համապատասխան մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց կողմից։ Միաժամանակ, Կարգի հավելվածի 40-րդ կետով սահմանված է, որ որակավորման քննության առաջադրանքի որևէ հարցի կամ դրա պատասխանի ճշտության վերաբերյալ հայտատուն կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկել վերադասության կարգով՝ Կոմիտեի ղեկավարին, ինչպես նաև դատական կարգով։ Մինչդեռ նման բողոքների քննությունը ենթադրում է առաջադրանքի կամ դրա պատասխանի մասնագիտական ճշտության գնահատում, իսկ խնդիրների ճիշտ պատասխանը պարզելու համար անհրաժեշտ է իրականացնել խնդրի լուծման համապատասխան գործողություններ, որոնք պահանջում են գնահատողի մասնագիտական գիտելիքներ և հմտություններ։ Նման մասնագիտական գործառույթներ Կադաստրի կոմիտեի աշխատակիցներին պաշտոնի անձնագրերով վերապահված չեն, ուստի դրանք չեն կարող մեկնաբանվել Կոմիտեի աշխատակիցների կողմից։ Ինչպես նաև համաձայն ՀՀ վարչապետի 2018 թվականի հուլիսի 11-ի «Կադաստրի կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 749-Լ որոշման՝ Կադաստրի կոմիտեին նման լիազորություններ վերապահված չեն։ Գործնականում նշված ընթացակարգի կիրառումը առաջացնում է վարչարարական և կազմակերպական բարդություններ, քանի որ որակավորման քննության հարցադրումների կամ դրանց պատասխանների ճշտության վերաբերյալ բողոքների քննությունը պահանջում է նույն հարցերի կրկնակի մասնագիտական գնահատում։ Հաշվի առնելով, որ որակավորման քննությունն ընդունվում և դրա արդյունքներն ամփոփվում են մասնագիտական որակավորման հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկվում են նաև ոլորտի մասնագետներ, վերադասության կարգով նույն հարցերի կրկնակի քննությունը չի ապահովում բողոքարկման ընթացակարգի բավարար արդյունավետություն և հանգեցնում է վարչական գործընթացների անհարկի ծանրաբեռնման։
Կարգավորման առարկան և բնույթը.
Նախագծի կարգավորման առարկան գնահատման որակավորման քննությունների առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա պատասխանի ճշտության վերաբերյալ բողոքարկման գործող ընթացակարգի վերանայումն է։ Գործող կարգավորմամբ նշված հարցերի վերաբերյալ արդեն իսկ նախատեսված է բողոքարկման ընթացակարգ՝ հանձնաժողովին գրավոր բողոք ներկայացնելու միջոցով, որի շրջանակում ներկայացված հարցադրումները ուսումնասիրվում են մասնագիտական կազմ ունեցող հանձնաժողովի կողմից։ Նույն հարցի առնչությամբ Կադաստրի կոմիտեի ղեկավարին կրկին դիմելու հնարավորությունը հանգեցնում է կրկնակի վարչարարության՝ առանց լրացուցիչ մասնագիտական գնահատման անհրաժեշտության։ Նախագծով նախատեսվում է հանել վերադասության կարգով՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարին բողոքարկելու հնարավորությունը, ուժը կորցրած ճանաչել այդ ընթացակարգին վերաբերող դրույթները և պահպանել որակավորման քննության ընթացքում հանձնաժողովին բողոք ներկայացնելու, ինչպես նաև դատական կարգով բողոքարկելու հնարավորությունը։ Կարգավորման բնույթը կազմակերպական և ընթացակարգային է։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կպարզեցվի գնահատման որակավորման քննությունների արդյունքների բողոքարկման ընթացակարգը՝ բացառելով վերադասության կարգով բողոքարկման մեխանիզմը և պահպանելով դատական պաշտպանության իրավունքը։
Նախագծի ընդունման կապակցությամբ
ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսեր- փոփոխություններ չեն նախատեսվում:
Նախագծի մշակմանը ներգրավված մարմինները․
Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը չի բխում ռազմավարական պլանավորման փաստաթղթերից, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն: