Հարկադիր պարապուրդ ու անորոշություն․ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերությունների աշխատողները սպասում են աշխատանքի վերսկսմանը

ԲՀԿ ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող տասնյակ ընկերությունների բազմաթիվ աշխատողներ անորոշության մեջ են, քանի որ քննչական գործողությունների բերումով քանի օր է՝ փակ են մի շարք խոշոր կազմակերպություններ։ Ըստ իրավապահ կառույցների՝ տարվում են քննչական գործողություններ, ստուգումների նպատակով առգրավված են սերվերներ։ Այս իրավիճակի բերումով հարկադիր պարապուրդի մատնված մի շարք քաղաքացիներ իրենց խնդիրները բարձրաձայնելու նպատակով հավաք են կազմակերպել՝ ակնկալելով արձագանք։ Նրանք նաև խոսել են ժամանակավորապես փակված օբյեկտներում հնարավոր վտանգավոր իրավիճակների մասին

ԲՀԿ ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող տարբեր ընկերությունների բազմաթիվ աշխատակիցների նույն մտահոգությունն է մեկ տեղում հավաքել։

«Աշխատակիցներին դուրս են բերել, նրանք մնացել են առանց աշխատանքի։ Բոլորս անորոշության մեջ ենք»։

Խոշոր մարզասրահի աշխատակիցներն ակնկալում են, որ շուտափույթ կհանվեն գործունեության սահմանափակումները։ Պնդում են՝ իրենք հարյուրավոր գործընկերներով հարկադիր պարապուրդի են մատնվել՝ անորոշության մեջ, թե երբ են վերադառնալու աշխատանքի։ Ընկերության գլխավոր տնօրեն Արման Փիրոյանը նաև իր ղեկավարած կառույցի ֆինանսական խոշոր կորուստներից է խոսում։

«Ներսում ստեղծվել է վտանգավոր վիճակ, իսկ ակումբն ամեն օր մեծ վնասներ է կրում։ Նույնիսկ եթե գործունեությունը վերականգնվի, դեռ պարզ չէ, թե ինչպես ենք հաղթահարելու այդ վնասների հետևանքները»։

Մեկ այլ մարզահամալիրի համասեփականատեր, ձյուդոյի մարզիչ Թաթուլ Հովհաննիսյանն իրավիճակն առանձնակի մտահոգիչ է համարում 2028-ի օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլի նախաշեմին․

«Ամենամեծ խնդիրն այն է, որ այս ամբողջ տնտեսությունը չի կարելի ուղղակի փակել ու մաքրման համակարգեր, մարզադահլիճներ։ Եթե համալիրը երկար ժամանակ չաշխատի, գույքը կսկսի փչանալ։ Դա հետո վերականտգնելն անհնար կլինի»։

Աշխատակիցները փոխանցում են իրենց հայտնի տեղեկությունները, որ մինչև իրավապահների վերջին գործողությունները՝ ակումբում էլի եղել են համալիր ստուգումներ։ Այս խուզարկության ընթացքում առգրավվել են այնպիսի սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են ակումբների բնականոն գործունեության համար՝ համակարգիչներ, սերվերներ և այլն։

«Ռադիոլուրի» դիտարկմամբ՝ այս պահին կապարակնքված են ակումբի բոլոր մուտքերը։ Աշխատողներն ասում են՝ ներսում միացված են տաքացման բոլոր համակարգերը,այդ թվում՝ լողավազաններն ու դրանց ջեռուցման համակարգերը, թեև կառույցը չի գործում։

Հուլիսի 6–ին ԲՀԿ նախագահի տան և նրան պատկանող օբյեկտների խուզարկությունից հետո իրավապահները կասեցրել են վերջիններից շատերի գործունեությունը։
Պետեկամուտների կոմիտեն հայտարարել էր, որ կալանավորված ԲՀԿ առաջնորդին պատկանող մարզական խոշոր համալիրներից մեկում առանձնապես խոշոր չափերով հարկեր են թաքցրել։ Նախնական հաշվարկով՝ պետությանը պատճառված ընդհանուր վնասը շուրջ 850 միլիոն դրամ է։  Ընկերության տնօրեն Արման Փիրոյանի համար, մինչդեռ,  անհասկանալի է, թե ինչպես են համակարգիչներն առգրավելուց ընդամենը երկու օր անց արդեն հայտարարել, որ ակումբը թաքցրել է խոշոր չափերի հարկեր։

 «Չէր կարող լինել նման բան, քանի որ իրենք չէին հասցնի այդքանը երկու օրում ստուգեին»։

Օրեր առաջ քննչական գործողություններ են տարվել նաև մեքենաներ ներկրող ու վաճառող խոշոր ընկերությունում։ Ընկերության տնօրեն Աբրահամ Դանագուզյան․

«Մեր աշխատանքը խափանված է, քանի որ մեր սերվերները տարել են։ Չենք կարողանում մեքենաների պատվերներ անել կամ այլ աշխատանքներ կատարել։ Նաև 17 մեքենա կա մեր սերվիսում, մարդիկ բերել են՝ օգտվելու մեր ծառայություններից, բայց նրանց մեքենաները կալանքի տակ են, մարդիկ մեկ շաբաթ է չեն կարողանում վերցնել իրենց մեքենաները։ Չինաստանի դեսպանատան մեքենան էլ է մեզ մոտ, չենք կարողանում հանձնել»։

Սպորտային ընկերություններից մեկի ղեկավարը դիմել է Քննչական կոմիտե, սակայն, ասում է, դեռ  պատասխան չի ստացել, մինչդեռ  իրենց շուրջ 4000 այցելու այսօր չի կարողանում օգտվել սպորտային համալիրից։ 150 աշխատող անորոշության մեջ է։

«Ես ուղղակի խնդրում եմ ու պահանջում, որ մեզ թույլ տան՝ աշխատենք։ Թող պատճենահանեն սերվերները։ Տեղից մենք այսքան վնաս ենք կրում։ Մեր ծախսերը բավականին մեծ են»։

Էկոնոմիկայի նախարարի խոսնակ Լիլիթ Շաբոյանը «Ռադիոլուր»-ին փոխանցեց՝ այս պահին հնարավոր չէ հստակեցնել, թե երբ իրավապահները կավարտեն քննչական գործողությունները։ Սա նրանց իրավասության շրջանակում է, և նախարարությունը չի կարող ժամկետներ նշել։ Միաժամանակ, Շաբոյանը հայտնել է՝ ակնկալվում է, որ քննչական գործողությունների ավարտից հետո ընկերությունները կվերադառնան բնականոն գործունեությանը։

Ծառուկյանի ձերբակալությանն ու նրա առանձնատան խուզարկություններին զուգահեռ իրավապահները կասեցրել էին նաև Հայաստանի 82-րդ ամենախոշոր ընկերության՝  «Արարատի ցեմենտ» գործարանի աշխատանքը։ Անորոշության մեջ էին հայտնվել նաև այս ընկերության հարյուրավոր աշխատողներ, որոնցից ոմանք անգամ փորձել էին, հակառակ որոշման, մուտք գործել փակ տարածք ու վերականգնել աշխատանքը։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն այցելել էր «Արարատի ցեմենտ» և տեղում ծանոթացել իրավիճակին՝ պատրաստակամություն հայտնելով աջակցելու գործարանի աշխատանքում հնարավոր խոչընդոտների լուծմանը։ Նախարարի տեղակալը կարևորել էր, որ գործարանն անխափան աշխատի։ Ժամեր անց «Ռադիոլուրը» տեղեկացավ, որ գործարանի աշխատանքը վերականգնվել է, ինչը հաստատեց նաև Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ գործարանից հրապարակելով տեսանյութ և նշելով, որ գործարանն աշխատում է ամբողջ հզորությամբ։ Սա այս նույն օրերին զուգորդվեց վարչապետ  Փաշինյանի վերահաստատմամբ՝ «Արարատ ցեմենտը» պետականացվելու է։

« Նշանակվելու է հատուկ ընթացակարգով կառավարիչ»։

Ավելի վաղ իրավապահ կառույցները հայտարարել էին, որ խախտումներ են հայտնաբերել «Արարատցեմենտի» մասնավորեցման գործընթացում։ Ինչո՞ւ են Ծառուկյանին պատկանող կազմակերպություններում բազմաթիվ խախտումների մասին իրավապահ կառույցները հիմա՝ հետընտրական շրջանում արձագանքում, և քաղաքական չէ՞ նրա հանդեպ մոտեցումը, ինչպես պնդում են քաղաքական ոը գործարար շրջանակներում։ Իրեն ուղղված այս հարցին օրերս անդրադարձել էր վարչապետ Փաշինյանը․

 Հիմա Հայաստանի ժողովրդի և կառավարության ակնկալիքն է, որ դատաիրավական համակարգը նորմալ գործի, որպեսզի, դա նաև նրա մասին է խոսում, որ մինչև հարցերը չեն հասնում համաժողովրդական քաղաքական մակարդակի, ինչ-որ խնդիրներ շարունակում են տեղապտույտի վիճակում հայտնվել։ Օրինակ, ասում են՝  քաղաքական հետապնդում։ Ես ասում եմ, որ ընդհակառակը, այն, ինչ տեղի է ունեցել, քաղաքական չէ, որովհետև այդ թվում նախորդ քաղաքական իշխանությունների պետական համակարգում գործող շոշափուկները պրոտեկցիոն պայմաններ են ստեղծել շատերի համար, և դրա վերջը պետք է տրվի, և դրա վերջը պետք է տրվի, այդ թվում ժողովրդի տված մանդատով։

Փաշինյանը նաև շեշտել էր, որ պետք է դեռ հասկանալ՝ ինչու պատկան կառույցներն այս ընթացքում չեն զբաղվել ներկայում բարձրաձայնվող խնդիրներով։

Leave a Comment