Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիաների են դուրս եկել

Կալանավորված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք ընկերությունների աշխատակիցներ այսօր բողոքի ակցիաների են դուրս եկել՝ պետական մարմիններից պահանջելով բացել կապարակնքված դռներն ու թույլ տալ իրենց շարունակել աշխատել:

Երկուշաբթի՝ Ծառուկյանի ձերբակալությանը զուգահեռ խուզարկություններ էին նրան պատկանող բազմաթիվ ընկերություններում: Այնտեղից իրավապահները փաստաթղթեր ու համակարգիչներ առգրավեցին, դռներն էլ կապարակնքեցին:

Այսօր իրենց աշխատանքն էին պահանջում վերականգնել «Մուլտի Վելնես»-ի, «Եվրոմոթորս»-ի, ինչպես նաև «Օլիմպավան» մարզական կենտրոնի աշխատակիցներն ու մարզվողները:

Ըստ մեքենաների վաճառքով ու սպասարկմամբ զբաղվող «Եվրոմոթորս»-ի տնօրեն Աբրահամ Դանագուզյանի՝ քննիչներն առգրավել են իրենց երեք սերվերները՝ խզելով կապը միջազգային գործընկերների հետ:

«Մեր լրիվ աշխատանքը խաթարված է, ո՛չ կարող ենք պատվերներ անել, ո՛չ վաճառել», – պատմել է Դանագուզյանը՝ հավելելով, որ կալանքի տակ են հայտնվել նաև իրենց հաճախորդի 17 մեքենաները, որոնք այդ պահին ընկերությունում են եղել՝ սպասարկման նպատակով:

«Եվրոմոթորս»-ի աշխատակիցների բողոքի ակցիան, Երևան, 11-ը հուլիսի, 2026թ.


«Եվրոմոթորս»-ի աշխատակիցների բողոքի ակցիան, Երևան, 11-ը հուլիսի, 2026թ.

«Օլիմպավան» մարզական կենտրոնում են մարզվում տարբեր մարզաձևերի հայաստանյան և արտասահմանյան հավաքականներ:

ММА-ի մարզիչ Էրիկ Օհանյանի փոխանցմամբ՝ իրենց հավաքականում ընդգրկված մոտ 100 երեխաներ մեկ շաբաթ է զրկված են նորմալ պայմաններում մարզվելու հնարավորությունից, ստիպված բացօթյա պարապմունքներ են անում, այնինչ ММА-ի դեպքում մարզումը տատամիի վրա է:

«Մուլտի Վելնես»-ի աշխատակիցներն էլ ընդգծում էին, որ շատերը տան վարձը տալու, օրվա հացի խնդիր ու վարկեր ունեն, սակայն իրենց անհասկանալի պատճառներով հարկադիր պարապուրդի են մատնված:

Իրավապահները կապարակնքել էին նաև Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ»-ը, սակայն հինգշաբթի օրը՝ աշխատակիցների բողոքի ակցիայից հետո, նրանց թույլատրեցին վերսկսել աշխատանքը:

Քննչական կոմիտեն Ծառուկյանին մեղադրում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեջ: Մեղադրանքն առնչվում երկու տարի առաջ բացված Իրանի առևտրի կենտրոնին, որտեղ ներկայացված պետք է լինեին իրանական շուկայի խոշորագույն արտադրողները՝ նավթի, գազի, դեղագործության ու շինարարության ոլորտներում: Առևտրի կենտրոնի ծրագիրը տապալվել է, իրավապահներն էլ պնդում են, թե Ծառուկյանը կազմակերպել և ղեկավարել է հանցավոր խումբ, որը Իրան-Հայաստան լոգիստիկ կապեր ստեղծելու պատրվակով, խաբեությամբ ու փաստաթղթեր կեղծելով, իրանական ընկերություններից հափշտակել է 52 միավոր տրանսպորտ, տեխնիկա և ապրանքներ՝ պատճառելով շուրջ 22 միլիոն դոլարի վնաս։ Մինչդեռ Ծառուկյանը պնդում է, որ ի՛նքը պետք է այս գործով տուժող ճանաչվի:

Նախօրեին բանտից տարածած հայտարարությունում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդն իր դեմ հարուցված գործը «սարքովի» էր որակել՝ պնդելով, թե իր հանդեպ մեծ անարդարություն է կատարվել:

Իրավապահները մինչ այս պահը չեն հստակեցրել՝ ինչ են փնտրում Ծառուկյանի ընկերություններում և ինչ կապ ունեն այդ խուզարկությունները իրանցիների գործարքի հետ: Պարզ չէ նաև, թե որքան կշարունակեն այդ ընկերությունները փակ մնալ:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment