Արգենտինա – Եգիպտոս հանդիպման գլխավոր մրցավարը հիանալի է վարել խաղը. Կոլինա

ԱԱ-2026-ի 1/8 եզրափակչի Արգենտինա – Եգիպտոս հանդիպման գլխավոր մրցավար Ֆրանսուա Լետեքսիեն հիանալի է վարել խաղը, և նրա, ինչպես նաև տեսակրկնությունների համակարգի (VAR) աշխատանքի վերաբերյալ որևէ դժգոհություն չկա։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտեի նախագահ Պիեռլուիջի Կոլինան։ Նա մանրամասն վերլուծել է երկու վիճահարույց դրվագ, որոնք ամենաշատն էին քննարկումներ առաջացրել. Մարվան Ատիայի խախտումը Եգիպտոսի չեղարկված գոլից առաջ և արգենտինացիների տուգանային հրապարակում Խուլիան Ալվարեսի ու Մոհամեդ Սալահի միջև պայքարը։

Ըստ Կոլինայի՝ Ատիան ակնհայտորեն տրորել է Լիսանդրո Մարտինեսի ոտքը։ Նա ընդգծել է, որ VAR համակարգը չի գնահատում խախտման և դարպասի գրավման միջև ընկած ժամանակահատվածը կամ դարպասից ունեցած հեռավորությունը. համակարգը դիտարկում է գրոհի զարգացման ամբողջական փուլը։

«Մոհամեդ Սալահի և Խուլիան Ալվարեսի մասնակցությամբ դրվագը գլխավոր մրցավարն ու VAR համակարգի պատասխանատուները դիտարկել են որպես նորմալ ֆուտբոլային կոնտակտ»,- Կոլինայի խոսքերը մեջբերում է ՖԻՖԱ-ն։

Իտալացի անվանի մրցավարը խոստովանել է, որ ցանկացած մեկնաբանություն միշտ այս կամ այն կերպ ուղեկցում է մարդկային գործոնը, սակայն ընդգծել է, որ ինքը որևէ պահանջ կամ դժգոհություն չունի աշխարհի ընթացիկ առաջնությունում աշխատող մրցավարների գործողություններից։

Leave a Comment