41-64-ի մոգությունը – Ազգ

Ընտրություններից հետո , երբ իշխանության համար առաջնահերթ լուծման բազմաթիվ խնդիրներ կան, այդ թվում`արտահանումների, դիզվառելիքի ներկրման առաջիկա դժվարությունների դեմն առնելու/ ՌԴ-ն հուլիսի ութին դիզվառելիքի արտահանման լիակատար արգելանք է սահմանել/, առաջիկա ձմռան համար պարենային անվտանգության խնդիրներ լուծելու, իշխանությունն այլ ամբոխահաճո գործերով է զբաղված եւ օխլոսի համար շոուներ է կազմակերպում: Լավ, չե՞ք նկատում ՌԴ-ի բենզինի հերթերը, չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը մեր քթի տակ վերսկսված պատերազմը (ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին),

Իշխանությանն ուզում եմ հարցնել` գիտե՞ք, թե Ծառուկյանին վայրենի, հակապրոֆեսիոնալ ձեւով գետին տապալելն ինչ հակառեակցիա է առաջացրել ձեր հանդեպ անգամ այն մարդկանց մոտ, ովքեր ձեր կողմնակիցն են, մանավանդ` երբ նա ոչ մի դիմադրություն ցույց չէր տալիս, իսկ այդ տեսարանը տեղի է ունեցել ոչ թե նրան ձերբակալելիս, այլ առավոտյան խուզարկության համար նրա տուն մտնելիս: Եվրոպա գնալու համար այդպիսի տեսարաննե՞ր են պետք, տնտեսական աշխատող միավորների կասեցո՞ւմ է պետք : Կամ եթե այդ աստիճան հակաօրինական գործունեություն են ծավալել ընդդիմադիր լիդերները, ինչո՞ւ եք սպասել ընտրությունների ավարտին` հազար ասեկոսեի հիմք տալով, մինչեւ ընտրությունները կանխեիք այդ ապօրինությունները, քանի որ հիմա դրանք նմանվում են հետընտրական հետապնդման ու վախի մթնոլորտ հաստատելուն, խոստացված «բոմժ դարձնելուն», համենայնդեպս` հանրության մեջ այդպիսի տեսակետները շատ են, ու ոչ մի իրավական ձեւակերպում չի փոխի հանրության համոզմունքը: Ճիշտն անվտանգության մարմինների հանդարտ, պրոֆեսիոնալ, առանց շոուների աշխատանքը պիտի լիներ, այս ի՞նչ մոլություն է ցուցադրական աշխատանքի:

Բայց, իհարկե, միայն իշխանության վարքը չէ այս անտրամաբանության համատեքստում ՍԴ այն որոշումից հետո, երբ ընտրությունների արդյունքների վերանայումը նպատակահարմար չհամարվեց: Մեր բոլորի արմանք-զարմանքն այդ առումով հավասարապես կարելի է տարածել ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության վրա, երբ հայտնի դարձավ, որ խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը վերցնում են ԱԺ պատգամավորական մանդատները-գնան խորհրդարան, իսկ իշխանությունն ամեն ինչ անելու է` լրացնելու սահմանադրական մեծամասնություն ունենալուն պակասող երեք-չորս մանդատը: Ընդդիմությունն իր 41 մանդատով ասում է, թե բա` սկսվում է քաղաքական պայքարի նոր փուլը, Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործընթացը նոր է սկսվում, ֆլան-ֆստան, խորհրդարանում եւ փողոցում ենք լինելու միաժամանակ: Է, ընտրություններին այդ է որոշել այն հասարակ մարդը, որին դուք ինչ ասես չանվանեցիք` էլ անհայրենիք, էլ զոմբի, էլ թրքահպատակ, էլ եսիմինչ, խորհրդարանում մանիպուլյացիաների հույսի՞ն եք: Իշխանությունն էլ հերթով մեղադրանքներ է առաջադրում ընդդիմադիր լիդերներին, հասան «Ուժեղ Հայաստանի» առաջին համար Նարեկ Կարապետյանին, Թեւանյանի կուսակից Արեգնազ Մանուկյանին:

Ինձ համար անձամբ տհաճ է նայել օխլոսի համար նախանշված տեսարանները, խորհրդարանի մանդատների 41-64 հարաբերակցության դիմակայության ներուժի վրա կենտրոնացումը երկուսեք, որը սպառնում է ոչ միայն ընդդիմադիր եւ իշխանական, այլեւ ժողովրդի երկու մեծ հատվածների դիմակայության վերածվել, ընդ որում`դիմակայության թելերն անգամ ոչ թե մերոնց, այլ արտաքին խաղացողների ձեռքին են, որն ավելի դրամատիկ է դարձնում մեր ներքին կյանքի հնարավոր անկայունությունը, 41-ն ավելացնելու ընդդիմության, 64-ն ավելացնելու իշխանության ախորժակի պարագայում :

Որ ընդդիմությունը միշտ ավելի խոցելի է, եւ նրա առանձին անդամներ, հատկապես մանդատավորները կարող են տարբեր ճնշումների ենթարկվել եւ ճամբարափոխ լինել` իմ երկար կյանքի ընթացքում ես բազմիցս եմ տեսել, Ծառուկյանի հետ կատարվածն էլ մի անգամ արդեն եղել է անցյալում (տեսնես Ծառուկյանին երկրորդ անգամ նույն գետը մտնել համոզող ընդդիմադիր լիդերը խղճի խայթ զգու՞մ է):

Այնպես որ` նոր խորհրդարանը, որի մոտավոր պատկերն ուրվագծում է ոչ ամենեւին ակնահաճո օրենսդիր մարմին, դառնալու է նոր տեսարանների, ինտրիգների եւ շոուների բեմադրության վայր` չկասկածեք: ՈՒՀ-ի ցուցակից հարյուրհինգ ինքնաբացարկն այս համատեքստում դիտարկեք, նրանց ասվել է` ով թույլ տեղ ունի-ինքնաբացարկվեք, նրանք այդպես էլ վարվել են:

Բայց ընդդիմության ցուցակներում մնացած շատ ու շատ պատգամավորացուների կենսագրությանն էլ մի թեթեւ որ նայում ես` ինքնին թույլ կետերի հավաքածու են, այնպես որ ավելի շուտ իշխանությունը մարդ կտանի ընդդիմությունից, քան հակառակը, ժամանակի հարց է:

Բայց ինձ բոլորովին այլ բան հանգիստ չի տալիս, որպես երկրո’վ, ու ոչ թե այսուայն քաղաքական ուժով մտահոգ մեկի:

Ուրեմն նայեք, թե ի՞նչ է տեղի ունեցել: Ընդդիմությունն ասում է, որ իշխանությունը վարչական ռեսուրս է օգտագործել, կեղծել է ընտրությունները, իշխանությունն էլ ասում է, թե ընդդիմության քվեների մեծ մասը ընտրակաշառքի արդյունք է: Լո՞ւրջ: Այս ի՞նչ եք ասում, այսինքն երկու կողմդ էլ, այդպիով, հայտարարում եք, որ Հայաստանի կառավարման թիվ մեկ կառույց- օրենսդիր մարմինը լեգիտիմ չէ: Հասկանում ե՞ք, թե ինչ հարված եք հասցնում Հայաստանին, ինչ խոցելի դարձնում երկիրը, երբ նրա օրենսդիր մարմինը ոչ լեգիտիմ եք դարձնում այդպիսով: Այսինքն ի՞նչ, բոլոր այն օրենքները, որոնք առաջիկայում ընդունելու է այդ ոչ լեգիտիմ խորհրդարանը, վիճարկում եք, կամ վիճարկելու հիմք եք ստեղծո՞ւմ, մեր թշնամինեից էլ ո՞վ կարող է այդպիսի ուժգին հարված հասցնել Հայաստանին, քան իրար ձեռք-ձեռքի ընդդիմությունն ու իշխանությունը: Բա էլ ո՞ւր եք գնում այդ ոչ լեգիտիմ խորհրդարան, մանդատ վերցնում, պաշտոնների բաշխումից ու Դոնթի բանաձեւից խոսում, հը՞:ԿԸՀ-ն, փաստորեն, նույնը թողնելով ընտրությունների ադյունքները, անպատասխան է թողել խորհրդարանի ոչ լեգիտիմության երկկողմանի մեղադրանքը: Բա այդ ոչ լեգիտիմը ո՞նց է պետական նշանակության փաստաթղթեր վավերացնելու` խաղաղության համաձայնագիր, ԹՐԻՓՓ, սահմանազատման որոշումներ:

Դրել-Գագիկ Ծառուկյան եք գետին գցում, առյուծների ու խրտիլակների մասին առյուծ-գեյթս նկարում, օխլոսի ականջին հաճո տեքստեր արտաբերում, ինչո՞վ եք զբաղված, տեղյակ ե՞ք, որ ձեր կողքին պատերազմը վերսկսվել է, որ չնայած հավաստիացումներին` Իրանի դեսպանն առաջվա նման իր մտահոգությունն է փոխանցում ԹՐԻՓՓ-ի իրականացման ռիսկերից եւ մարտահրավերներից, իր երկրի սահմանին ԱՄՆ ներկայությունից, եւ Խամենեի հրաժեշտին մասնակցությունը դրանք չի չեզոքացնում, վտանգ որպես մեր հարավային սահմանին: Տեղյա՞կ եք, որ ձմռանը գազ կտրել կա-բան կա, ու ֆոն դեր Լայենը գազի հարց լուծող չի (Եկատերինբուրգում Փաշինյանի ռուսամերձ ջանքերն ասում են, որ տեղյակ եք):

Մինչդեռ մերոնք շատ հաճելի բաներից են խոսում` խորհրդարանական տորթի կտորներից,մանդատներից, անասնագողությունից, մարդագողությունից, թե բա` ԱԺ փոխնախագահի, ԱԺ երեք հանձնաժողովի նախագահի պաշտոններն ընդդիմությանն են, ում` ինչքան: Տո լավ, է:

Դե մերոնք միշտ են սիրել պաշտոնների մասին խոսակցությունը: Ներկա ԱԺ հանձնաժողովներից ինն ՔՊ-ինն են, երեքը` մեծ ընդդիմությանը, վերջինս եթե բարի կամք դրսեւորի` մի պաշտոն կգցի փոքր ընդդիմությանը:

Թե բա` ՔՊ-ում պաշտոնների գզվռտոց է, խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի պաշտոնների համար իրար միս են ուտում մի քանի տղամարդ ու մի կին ատամնատեխնիկ: Ալեն Սիմոնյանին էլ հաջողությամբ ճամփեցին, ու ոչ մեկն անգամ օֆ չարեց, դե հա, փորձառությունն ինչ է, որ հաշվի առնեն, թող նոր մարդիկ լիքը սխալներ թույլ տան , մինչեւ նոր պաշտոններն իրենց հագով դառնան, մեր նյարդերի հաշվին:

Մի հատ գլուխներդ բարձրացրեք, ձեր շուրջը նայեք, Կիեւն ու Մոսկվան են զինակոծվում, ԱՄՆ-Իրան վերսկսված հակամարտությունը սպառնում է իր մեջ ներքաշել Թուրքիային, Իսրայելին, Ադրբեջանի` մեր հարավին նույնպես որպես մարտահրավեր, ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուարը մտմտում է մեզ կրոնափոխ անել: Իսկ դուք 41-64-ի մոգության տակ եք մնացել:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ.- Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանի վերջին ճեպազրույցից երեւում է, որ նա, այնուամենայնիվ, հասկանում է նոր իրավիճակի լրջությունը եւ այս իմաստով միգուցե,վարչապետի պաշտոնում վերստին նշանակվելուց հետո,նպատակահարմար համարի կադրերի թարմացումը կառավարությունում: Համենայնդեպս վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի փոխարինման մտադրության չհերքումն այդ մասին է վկայում, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հեռանալը եւս ուրվագծվում է: Եւ առհասարակ նախարարների կաբինետը թարմացնելը նոր կառավարություններում ընտրություններից հետո ընդունված է: Միայն թե քաղաքական որոշումների համար միանձնյա պատասխանատվության մասին Փաշինյանի պատկերացումը եւս պետք է ուղարկել անցյալի գիրկը, նորմալ պետություններում ոչ թե անձը, այլ համակարգը, ինստիտուտն են պատասխանատու, ինստիտուցիոնալ պատասխանատվությամբ միայն հնարավոր է համակարգ եւ մոտեցումներ նորոգել: Քաղաքական որոշումները նպատակային եւ արդարություն հետապնդող են, եթե դրանց պատասխանատուն համակարգն է, ոչ թե անձը:

Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք հետեւյալ հղումով.
https։//www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

Leave a Comment