Մինչ մեր սույն հրապարակումը ուրբաթ՝ հուլիսի 10-ին լույս կտեսնի «Ազգի» տպագիր եւ առցանց տարբերակներով, հնարավոր է տեղյակ լինենք՝ Իսրայելի Քնեսեթը ճանաչե՞ց Հայոց ցեղասպանությունը: Որեւէ պաշտոնական ծանուցում չգտանք, բայց «Իսրայելահայեր» թերթի խմբագիր Արտյոմ Չեռնոմորյանը ֆբ-ում գրում էր, որ հուլիսի 8-ին նիստի օրակարգում քննվելու է նաեւ հիշյալ բանաձեւը: Ի՞նչ արդյունք էլ լինի, ստորեւ ներկայացվողն ուշագրավ է, քանի որ Իսրայելի կառավարության ճանաչմանը հաջորդած ՀՀ պաշտոնական արձագանքին է վերաբերում, որ ամփոփում ենք մի քանի լրատվականների մեկնաբանների հայացքով:
«Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանը հաջորդած ՀՀ սառն արձագանքն ամեն ինչ պատմում է: Մինչդեռ Թուրքիան եւ Ադրբեջանը խստորեն դատապարտեցին Իսրայելի կառավարության քայլը, վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե Երեւանը արձագանքելու անհրաժեշտություն չի համարում եւ ցեղասպանությունը չի վերածի քաղաքական զենքի», գրում է Itamar Eichner ը՝ Ynet լրատվականի հունիսի 30-ի հրապարակման մեջ:
«Փաշինյանի օրոք Հայաստանը փորձում է մերձենալ Արեւմուտքին, միաժամանակ պահպանելով եւ խորացնելով Իրանի հետ կսպերը: Թեհրանի հետ կապը մասամբ ձեւավորվում է Իսրայելի՝ Հայաստանի մրցակից Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններով: Տարածաշրջանային եռանկյունին Երեւանի համար Իսրայելի որոշմանն անդրադառնալու բարդ հանգույց է ստեղծում: Մինչդեռ ցեղասպանության ճանաչումը վաղուց ի վեր պատմական եւ բարոյական նշանակություն ունի հայերի համար, սակայն Իսրայելի ճանաչման այս քայլը, ժամանակացույցը եւ քաղաքական համատեքստը դժվարացնում են Հայաստանի համար այն՝ որպես համերաշխության պարզ ժեստ ընդունել: Վերջին տարիներին Հայաստանը նույնպես քայլեր է ձեռնարկել, որ նրան հեռացրել են Իսրայելի տարածաշրջանային դիրքորոշումից:
Մոտ երկու տարի առաջ Երեւանը հայտարարեց Պաղեստինը ճանաչելու մասին: Թուրքիան եւ Ադրբեջանը քաղաքական առճակատմամբ ընդունեցին Իսրայելի ճանաչումը: Հայաստանը միտումնավոր սառն արձագանքեց: Փաշինյանի ուղերձն այն է, որ արդի աշխարհաքաղաքական մարտերում ցեղասպանությունը խաղաքարտ չէ, նույնիսկ երբ ճանաչում է այն մի երկիր, որ տասնամյակներ խուսափել է դա անել: Այդ առումով Հայաստանի լռությունը կարող է լինել ամենահստակ ազդանշանը: Իսրայելի ճանաչումը պատմական քայլ է, բայց Երեւանը կարծես պատրաստ չէ արտոնել, որ այն սահմանի իր արտաքին քաղաքականությունը կամ դառնա ինչ-որ մեկի տարածաշրջանային դիմակայության մաս»:
Հունիսի 30-ին ավստրիական «Դեր Շտանդարտում» մեկնաբանություն է գրել Գուդրուն Հարրերը (Gudrun Harrer): «Ինչո՞ւ Հայաստանում չեն տոնում, երբ Իսրայելը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»: «Իսրայելի զենքի մատակարարումներն օգնեցին Ադրբեջանին վերագրավել ԼՂ-ը: Հայ-իսրայելական հարաբերությունները լավ չեն: Բաքուն՝ նավթ, Երուսաղեմը՝ զենք է մատակարարում: Սա հանգեցրեց Ադրբեջանի ռազմական գերազանցության եւ թույլ տվեց 2023-ին վերատիրել ԼՂ հայկական անկլավը: Ադրբեջանն Իսրայելին հետաքրքրում է նաեւ որպես Իրանի հարեւան, ընդունելի ռեալպոլիտիկ է, Թրամփի դարաշրջանում գործարքային: Չնայած իսրայելաթուրքական հարաբերությունները ցածրագույն մակարդակում են, Թրամփը մտադիր է Անկարայում հաջորդ շաբաթ ներկա լինել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ «նվերների փաթեթով» (նկատի ունի F 35-ը-Ան. Հ.): Հենց Էրդողանին, որ Իսրայելին մեղադրում է ցեղասպանության մեջ, նացիստների հետ համեմատում: Եւ՝… Իսրայելը ներում է նույնիսկ այն, որ Հայաստանը 2024-ին Պաղեստինը ճանաչեց»:
Գերմանիայում հրատարակվող թուրքական nex24.news-ը հուլիսի 1-ին վերնագրում է՝ «Փաշինյանը դատապարտում է Իսրայելի ցեղասպանության որոշումը», իսկ ենթավերնագրում մեկնաբանում՝ «զարմանալի շրջադարձ՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանը քննադատում է Իսրայելի ճանաչումը՝ այն քաղաքական զենք համարելով:(Փաշինյանը հունիսի 29-ին ճեպազրույցում «Ազատության» թղթակցի հարցին ի պատասխան բառացի ասել է՝ «Արձագանքի կարիք չենք տեսնում, որովհետև կարծում ենք՝ Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է ՀՀ շահերից»- Ան. Հ.):
«Հայաստանի կառավարության կիրակի օրվա լռությունից հետո երկուշաբթի ՀՀ վարչապետը լրագրողների համար անակնկալ հստակ ձեւակերպեց՝ Երուսաղեմի որոշումը ողջունելու փոխարեն նա Իսրայելի նախաձեռնությունը մերժեց», գրում է վերոնշյալ կայքը:
Հոդվածին կից մի տեսանյութ է տեղադրված, որում ներկայացվում է Փաշինյանի շնորհակալական ուղերձը 2021-ին ԱՄՆ նախագահ Բայդենին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման առթիվ եւ ՀՀ կառավարության՝ արձագանքման տոնի փոփոխությունը պայմանավորում 2022-ից ի վեր Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու իրողությամբ:

«All Israel News»-ը հուլիսի 1-ին «Ինչո՞ւ ՀՀ կառավարությունը Իսրայելի՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը չի նշում» վերնագրյալ ծավալուն մեկնաբանության մեջ փորձում է ընկալելի դարձնել ՀՀ վարչապետի ձեւակերպումից հետո ԱԳՆ-ի արձագանքի բացակայությունը նաեւ: J. Micah Hancock-ի հեղինակած ծավալուն հոդվածի վերջաբանում այսպես է գրված. «Եթե Իսրայելն ուզում է համոզել Հայաստանին, թե ճանաչումը պարզապես քաղաքական թատրոն չէ, ապա նա պետք է հարցի հանդեպ նույն հարգանքը տածի, ինչը պահանջում է Հոլոքոսթի հիշատակի հանդեպ»:
Հոդվածագիրն իհարկե խիստ ուշադիր է եղել, տեղեկատվական հարթակներում հայերի սուր արձագանքները ներկայացրել է նաեւ իր ծավալուն հրապարակման մեջ: Հատկապես շեշտադրել է Հայ Դատի Կենտրոնական հանձնախմբի՝ «Ասպարէզ»-ում հրատարակված «զգուշավոր» հայտարարությունը, ինչպես գրում է մեկնաբանը՝ «ողջունելով Իսրայելի քայլը, բայց միեւնույն ժամանակ մեղադրելով նրան՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության ընթացքում հայերի մահվան մեջ ներգրավվածության համար»: Հենքոքը կտրուկ բացասական երկու կարծիք է առանձնացնում՝ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի եւ Սերժ Թանկյանի գրառումները: «Անբարոյական ցինիզմի գագաթնակետն է. 1915-ի Հայոց ցեղասպանությունը «ճանաչում է» ֆաշիստական մի պետություն, որ հիմնադրումից ի վեր Թուրքիայից հետո ամենաակտիվն է եղել հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքարում, անմիջականորեն ներգրավված Արցախում հայերի սպանության մեջ, իսկ ներկայում ակնհայտ ցեղասպանություն է իրականացնում Գազայում», գրել է Հակոբյանը: «Նմանատիպ դիրքորոշում է հայտնել ԱՄՆ քաղաքացիություն ունեցող ներգաղթյալների ժառանգ SOAD-ի վոկալիստ Թանկյանը՝ Ինստագրամում հրապարակված հայհոյալից արձագանքով տեսանյութում, մեղադրել Իսրայելի կառավարությանը հայոց պատմությունը շահարկելու համար», գրում է հոդվածագիրը մեջբերելով Թանկյանի խոսքը՝« Այն փաստը, որ Գազայում եւ Լիբանանում ցեղասպանություն իրականացնող այս կառավարությունն է որոշել ճանաչել իմ մեծ հայրերի եւ մայրերի հանդեպ ցեղասպանությունը, ամենավատ բանն է, որ կարող էին անել հայերիս հանդեպ՝ շահարկելով մեր պատմությունը, ցեղասպանությունը եւ մեր ցավը՝ իրենց քաղաքական շահի համար»: Հենքոքը վերոհիշյալ կարծիքները գնահատում է «ցինիկ» եւ ներկայացնում է նաեւ «Ջերուսալեմ փոստ»-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ավագ պաշտոնյա Կորյուն եպիսկոպոս Բաղդասարյանի խոսքից մի հատված՝ «կառավարությունն այս քայլով իր բարոյական պարտականությունն է կատարել: Որպես Հոլոքոսթ վերապրած եւ անմիջապես դրանից հետո պետություն ստեղծած ազգի կառավարության բարոյական պարտքն էր Հայոց ցեղասպանությունը ճանաչելը»:
«All Israel News»-ի մեկնաբանը նշում է, որ «հայ քաղաքական գործիչներից շատերը Իսրայելի կառավարության ճանաչումը դիտարկում են իսրայելա-թուրքական հակամարտության խորապատկերում: Իսրայելի ճանաչումը նախորդեց Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որ Թուրքիային խոստանում էր ԱՄՆ-ի F-35-ի տրամադրում: Իսկ վերընտրված վարչապետ Փաշինյանը գլխավորում է մի շարժում, որը 1915-ի Ցեղասպանության պահանջից հեռանալով՝ կենտրոնանում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խաղաղության եւ ինտեգրման վրա՝ այն դիտարկելով Եվրոպայի հետ հարաբերությունները խորացնելու ջանքերի մի մաս», գրում է Հենքոքը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
Գլխավոր նկարում՝ Israelnetz ը հրատարակել է Victor Pietschmann-ի լուսանկարը՝ «Էրզրումի հայերի գաղթը»