Բագրատ սրբազանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ․ ինչ է պահանջում

Բագրատ սրբազանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ․ ինչ է պահանջում


 

Sputnik. Ավելի վաղ ՀՀ վարչապետը հայտարարել էր, թե բացի «Քաղաքացիական պայմանագրից», մյուս բոլոր կուսակցությունները ընտրողների ձայների 100%-ը ստացել են կաշառքի դիմաց:


 


«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացրել։ Տեղեկությունը հրապարակված է datalex.am դատական տեղեկատվական համակարգի կայքէջում։


 


Սրբազանը պահանջում է, որ ՀՀ վարչապետը հերքի այն հայտարարությունը, որը չի համապատասխանում իրականությանը և արատավորում է իր պատիվը, համբավն ու արժանապատվությունը։


 


Խոսքը հունիսի 11-ին կառավարության նիստում Փաշինյանի արած հայտարարության մասին է, որտեղ նա պնդում էր, թե ՔՊ–ն 100%-ով օրգանիկ քվե է ստացել, իսկ մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե, ու որ առանց փողի ընդդիմության օգտին ոչ ոք չի քվեարկել, բացարձակապես ոչ ոք։


 


«Պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն հերքել հայտարարությունը` ՀՀ կառավարության պաշտոնական կայքում, ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում, ինչպես նաև առնվազն 5000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով»,– նշվում է պահանջում։


 


Բացի այդ, Բագրատ սրբազանը Նիկոլ Փաշինյանից հօգուտ իրեն պահանջում է բռնագանձել սիմվոլիկ 49,7 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում: Ըստ պաշտոնական տվյալների` հենց այդքան տոկոս ձայն է ստացել ՔՊ–ն խորհրդարանական ընտրություններում։


 


Արքեպիսկոպոսը նաև պահանջում է Փաշինյանից բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը:


 


Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։


 


Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:


 


Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։


 


 




Կարդացել են
3 անգամ

Leave a Comment