Չեմ հիշում որևէ գործ, որն այս կարգի մտացածին և ուռճացված լինի. ընդամենը գործ ունենք սիմվոլիկայի մեծ սիրարահարի անձնական վերաբերմունքի հետ. Տոնոյան

Նախօրեին Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունը կարող է Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել որպես ամեներկար տևած խուզարկություն, լրագրողներին այսօր ասաց ԲՀԿ  ղեկավարի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Ես իմ գործունեության ընթացքում չեմ հիշում որևէ գործ, որն այս կարգի դատարկ, մտացածին և ուռճացված լինի։ Մենք նախօերին և արդեն այսօր տարատեսակ ահազանգեր ենք ստանում, որովհետև «Մուլտի գրուպ» կոնցերնի կազմում ընդգրկված տասնյակ ընկերություններ կապարակնքվել են, 10 հազարից ավելի աշխատակից մատնվել է հարկադիր պարապուրդի։

Ես, իհարկե, հասկանում եմ, որ օրվա իշխանությունները քաղաքական վրեժխնդրությունից դրդված՝ իրենց նպատակին հասնելու անհագուրդ ցանկություն ունեն, բայց տնտեսության ողնաշարը կոտրելուն ուղղված այս գործընթացը լի է լինելու բազմաթիվ վտանգներով»,- ասաց Իվետա Տոնոյանը։

Նա միաժամանակ դիմեց Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունից ոգևորված իշխանական չինովնիկներին՝ նշելով, որ բումերանգի օրենքը ոչ ոք դեռևս չի շրջանցել։
Իվետա Տոնոյանը նաև տեղեկացրեց, որ Ծառուկյանի ընտանիքի անդամներն այս պահին ազատ ելումուտ ունեն իրենց առանձնատուն, կապարակնքված են ընդունելությունների տունը և մի շարք ձեռնարկություններ։

Վերջում նա շեշտեց, որ Գագիկ Ծառուկյանի բոլոր կենդանիների պահման համար առկա են եղել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։

«Այստեղ ընդամենը գործ ունենք սիմվոլիկայի մեծ սիրարահար անձի անձնական վերաբերմունքի հետ։ Բոլորը հասկանում են, որ այս այս ամենի նպատակը Գագիկ Ծառուկյանի հետ կապակցված ընկերությունների գործունեութունը պարալիզացնելն է»,- ասաց նա։

Leave a Comment