Հանրային քննարկման է ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթ, որով առաջարկվում են փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում, Քրեակատարողական օրենսգրքում և «Պրոբացիայի մասին» օրենքում։ Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրաարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված նախագիծը։
Նախագծի հիմնական նպատակն է հստակեցնել հիվանդության հիմքով պատժից ազատելու և պատժի նշանակումը հետաձգելու կարգը, ինչպես նաև վերացնել գործող օրենսդրությունում առկա մի շարք իրավական անորոշությունները։
Գործող Քրեական օրենսգրքով նախատեսված է, որ եթե անձի մոտ ծանր հոգեկան կամ այլ հիվանդություն է ի հայտ գալիս, որը անհնարին է դարձնում պատժի նշանակումը կամ կրելը, դատարանը կարող է հետաձգել պատժի նշանակումը կամ ազատել անձին պատժից։
Միաժամանակ օրենսդրությունը նախատեսում է, որ անձի առողջական վիճակը պետք է վերանայվի յուրաքանչյուր վեց ամիսը մեկ։ Սակայն, ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ, գործող կարգավորումներով ամբողջությամբ հստակեցված չէ, թե.
- ով պետք է վերահսկի այդ անձանց,
- ինչպես պետք է կազմակերպվի բժշկական հանձնաժողովին ներկայանալը,
- ինչ պետք է տեղի ունենա, եթե անձը չի ներկայանում բժշկական քննությանը,
- ինչ ընթացակարգով պետք է դատարանը տեղեկանա առողջական վիճակի փոփոխության մասին։
Ի՞նչ է փոխվում բժշկական եզրակացությունների մասով
Առաջարկվում է փոփոխել Քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածը։
Գործող կարգավորմամբ պատժից ազատելու հարցը լուծելիս հիշատակվում է դատաբժշկական կամ դատահոգեբուժական փորձաքննությունը։ Սակայն նախագծի հիմնավորման համաձայն՝ Վճռաբեկ դատարանը նշել է, որ պատժի կատարման փուլում քրեական դատավարության կանոններով փորձաքննություն նշանակելու ընթացակարգ նախատեսված չէ։
Այդ պատճառով առաջարկվում է սահմանել, որ դատարանը հիվանդության հիմքով պատժից ազատելու կամ պատժի հետագա կատարման հարցը կլուծի համապատասխան բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության հիման վրա։
Ի՞նչ նոր պարտականություններ կունենան հիվանդության հիմքով պատժից ազատված անձինք
Նախագծով առաջարկվում է հստակ ամրագրել, որ հիվանդության հիմքով պատժից ազատված կամ պատժի նշանակումը հետաձգված անձը գտնվելու է Պրոբացիայի ծառայության վերահսկողության ներքո։
Միաժամանակ նա պարտավոր կլինի դատարանի որոշմամբ սահմանված պարբերականությամբ՝ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ, ներկայանալ բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովին՝ առողջական վիճակի վերագնահատման նպատակով։
Նախագծով ընդլայնվում են Պրոբացիայի ծառայության գործառույթները։ Մասնավորապես, առաջարկվում է, որ ծառայությունը վերահսկողություն իրականացնի ոչ միայն այն անձանց նկատմամբ, որոնց պատժի նշանակումը հետաձգվել է, այլև նրանց նկատմամբ, ովքեր հիվանդության հիմքով ազատվել են պատժից։
Բացի այդ, եթե բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությամբ պարզվի, որ անձի առողջական վիճակն արդեն թույլ է տալիս կրել պատիժը, Պրոբացիայի ծառայությունը կդիմի դատարան՝ համապատասխան իրավական հետևանքների կիրառման համար։
Ի՞նչ կլինի, եթե անձը չներկայանա բժշկական հանձնաժողովին
Նախագծով առաջարկվում է սահմանել նաև նոր ընթացակարգ՝ եթե անձը չկատարի դատարանի կողմից սահմանված՝ բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովին ներկայանալու պարտականությունը, համապատասխան բժշկական հաստատությունը պարտավոր կլինի այդ մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել Պրոբացիայի ծառայությանը։
Այնուհետև Պրոբացիայի ծառայությունը պետք է ձեռնարկի միջոցներ դատարանի որոշմամբ սահմանված պարտականության կատարումն ապահովելու ուղղությամբ։
Փոփոխություններ են առաջարկվում նաև Քրեակատարողական օրենսգրքում։ Դրանց նպատակն է դատարանների ընդդատության կանոնները համապատասխանեցնել մասնագիտացված դատարանների ստեղծման տրամաբանությանը։
Մասնավորապես, առաջարկվում է հստակեցնել, որ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ դատական ակտերի կատարման ընթացքում ծագող հարցերը նույնպես քննվեն հակակոռուպցիոն դատարանի կողմից՝ Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշմանը համապատասխան։
Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ առաջարկվող փոփոխությունները կօգնեն հստակեցնել հիվանդության հիմքով պատժից ազատելու ընթացակարգը,
- վերացնել գործող օրենսդրության իրավական անորոշությունները,
- սահմանել պետական մարմինների լիազորությունների ավելի հստակ բաշխում,
- ապահովել Պրոբացիայի ծառայության, բժշկական հանձնաժողովների և դատարանների միջև առավել արդյունավետ փոխգործակցություն,
- գործող կարգավորումները համապատասխանեցնել Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումներին։
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի նախատեսվում։ Միաժամանակ դրա ընդունման դեպքում անհրաժեշտ կլինի համապատասխան փոփոխություններ կատարել նաև Պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգում, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն: