Քաղաքական Ուժերու Միացեալ Յայտարարութիւն – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)

Այսօր Սահմանադրական դատարանը հրապարակեց անցած խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքները վիճարկող հայցերի վերաբերեալ որոշումը:

Սահմանադրական դատարանի այս որոշումը`

. չի լուծում ձեւաւորուող իշխանութեան օրինականութեան հարցը. նման պայմաններում ու արձանագրուած արդիւնքներով ձեւաւորուած իշխանութիւնը զուրկ է օրինականութիւնից,

. չի սրբագրում ընտրական կեղծիքներն ու չի վերացնում զանգուածային ընտրախախտումները եւ չի լուծում երկրում առկայ խորքային քաղաքական ու իրաւական ճգնաժամը:

Ընդհակառակը, վերջին իրաւական ատեանի կողմից խախտումների արձանագրումից ուղիղ հրաժարուելը խորացնում է երկրում առկայ ճգնաժամը, չի նպաստում ներազգային համերաշխութեան մթնոլորտի ձեւաւորմանը եւ պայքարը տեղափոխում է քաղաքական դիմադրութեան դաշտ: Ուստի առկայ քաղաքական ճգնաժամի յաղթահարման եւ սահմանադրական կարգի վերականգնման նպատակով` ներքոստորագրեալ քաղաքական ուժերը յայտարարում են հետեւեալ սկզբունքային ուղղութիւնների շուրջ համախոհութեան եւ միասնական քաղաքական օրակարգ ձեւաւորելու վերաբերեալ.

1.- Հայաստանի Սահմանադրութեան պարտադրուած փոփոխութիւնների կանխում. գործող վարչախմբի կողմից նախապատրաստուող սահմանադրական փոփոխութիւնները դիտարկելով որպէս արտաքին պարտադրանք` մենք օգտագործելու ենք օրէնսդրական, հանրային եւ քաղաքական բոլոր միջոցները` թոյլ չտալու համար Մայր օրէնքի փոփոխութիւնը, ինչն ուղղակի եւ անդառնալի հարուած է Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեանը:

2.- Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանութիւն. հաշուի առնելով եկեղեցու, Ամենայն հայոց կաթողիկոսի դէմ իրականացուող համակարգուած ապօրինի արշաւը` մեր քաղաքական օրակարգի անկիւնաքարն է լինելու Սահմանադրութեան 18-րդ յօդուածով երաշխաւորուած` Հայ առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելութեան, նրա իրաւունքների, գոյքի եւ հեղինակութեան պաշտպանութիւնը ցանկացած ոտնձգութիւններից:

3.- Քաղաքական բանտարկեալների իրաւունքների պաշտպանութիւն. Յետընտրական շրջանում մեկնարկել է քաղաքական բռնաճնշումների նոր ալիք: Ընտրական եւ քաղաքական գործընթացներին զուգահեռ երկրում ծաւալուած բռնաճնշումի փորձառութիւնը յանգեցրել է քաղաքական բանտարկեալների թուի շեշտակի աճին: Մեր միասնական քայլերն ուղղուած են լինելու նրանց իրաւունքների պաշտպանութեանը եւ անյապաղ ազատ արձակման պահանջին:

4.- Գործող իշխանութեան հեռացում. Սահմանադրական դատարանում ընդդիմադիր ուժերի բողոքների քննութիւնը միայն փաստեց, որ գործող վարչախմբի հեռացումն այլընտրանք չունեցող հրամայական է: Ուստի իշխանափոխութիւնը եւ նոր որակի ազգային իշխանութեան ձեւաւորումը մնում է երկրում սահմանադրական կարգի վերականգնման, համերաշխութեան հաստատման եւ անվտանգութեան ապահովման միակ նախապայմանը:

Մենք գիտակցում ենք, որ իրաւական հաստատութիւնների կազմաքանդման պայմաններում պետութեան եւ սահմանադրական կարգի պահպանման միակ երաշխաւորը մնում է Հայաստանի Հանրապետութեան քաղաքացին:

Ուստի, սիրելի՛ քաղաքացիներ,

Սահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թէ պայքարի աւարտն է, այլ նոր` աւելի համակարգուած, հաստատութենական եւ լայնածաւալ քաղաքական դիմադրութեան փուլի սկիզբը:

Վերոնշուած կէտերի շուրջ ընդդիմադիր քաղաքական ուժերի միջեւ անելիքների վերաբերեալ քննարկումները շարունակւում են: Քննարկումներից բխած հետագայ քայլերի, այդ թւում` համատեղ հնարաւոր ծրագրերի մասին կը տեղեկացնենք առաջիկայում:

«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ
«ԲԱՐԳԱՒԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ
«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՔՈՆԿՐԵՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ
«ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՒԵՌ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ

4 յուլիս 2026
Երեւան

 

 

Leave a Comment