
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումներն ու ուժի մեջ թողեց հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը:
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկում էին քաղաքական 7 ուժեր, այդ թվում՝ խորհրդարան անցած «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքներն ու մի քանի տասնյակ ձայնով դուրս մնացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
Որոշման հրապարակումից հետո Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն «Ազատությանն» ասաց՝ «Արդարադատությունը հաղթեց»:
Ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը մասնակցել են ՍԴ 9 դատավորներից 7-ը: Սահմանադրական դատարանի որոշմամբ դատավորներ Վլադմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը չեն մասնակցել դիմումների քննությանը: Ըստ ավելի վաղ հրապարակված փաստաթղթի՝ Վարդանյանի և Զեյնալյանի մասնակցությունը գործի քննությանն անհնարին էր, քանի որ նրանք «կանխակալ վերաբերմունք ունեն» դատավարության կողմերի նկատմամբ:
ՍԴ դիմած քաղաքական ուժերը մի քանի օր տևած դատաքննության ժամանակ պնդում էին՝ Բարձր դատարանը պետք է անվավեր ճանաչի ընտրությունները, քանի որ «ընտրական ամբողջ գործընթացում արձանագրվել են խախտումներ՝ վարչական ռեսուրսից մինչև ընտրակաշառք»:
Մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ԲՀԿ ներկայացուցիչներն իրենց դիմումում և նաև դատավարության օրերին անդրադարձել էին նաև կուսակցության՝ անցողիկ շեմը չհաղթահարելու խնդրին: ԿԸՀ-ն անվավեր էր ճանաչել երկու տեղամասերի արդյունքները, «Բարգավաճ Հայաստանը» ձայներ կորցրեց ու չհաղթահարեց անցողիկ 4 տոկոսի շեմը:
ԿԸՀ նախագահը հայտարարել էր, որ արձանագրված խախտումները չեն ազդել արդյունքի վրա: Բարձր դատարանում Վահագն Հովակիմյանը խնդրել էր մերժել բոլոր դիմումները և ուժի մեջ թողնել քվեարկության արդունքները հաստատող որոշումը:
Սահմանադրական դատարանը մի քանի ժամ նաև փակ ռեժիմով քննություն էր անցկացրել՝ քննության առարկան գաղտնի փաստաթղթերն էին, որոնց շարքում են ինչպես քարոզարշավի ժամանակ ընդդիմադիրների դեմ հարուցված քրեական վարույթները, այնպես էլ՝ այսպես կոչված գաղտնի ցուցակի հետ կապված հարցերը: Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի փաստաբանն ասել էր, որ իրենց բարձրացրած հարցը վերաբերում էր ընտրողների թվի տարբերությանը:
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը «Ազատությանն» ասել էր՝ նման տարբերություն չկա:
Դատարանում երրորդ կողմ ճանաչված «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որ համակարծիք էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ, իր եզրափակիչ ելույթում ընդգծել էր՝ դիմումատուները չեն ներկայացրել ապացույցներ, որ խախտումներն իրականում տեղի են ունեցել կամ այն չափով են տեղի ունեցել, որ ազդել են ընտրական արդյունքի վրա։
Ընտրակաշառքի մասին նաև հայտարարել էին ՔՊ ներկայացուցիչները ու հավելել՝ ընդդիմության կողմից քարոզարշավի ընթացքում բաժանված ընտրակաշառքը, բարեբախտաբար, չի ազդել քվեարկության պատկերի վրա: