Սահմանվում է ավել և սխալմամբ վճարված առողջության ապահովագրավճարների վերադարձի կարգ

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է կատարել առողջապահության ոլորտին վերաբերող կարգավորումների հստակեցումներ՝ ուղղված բժշկական դիտարկման, հաշվառման և համապատասխան ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը։Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը։

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 07.04.2026թ. ՀՕ-135-Ն օրենքի ընդունմամբ, որի 4-րդ հոդվածով օրենքի 14-րդ հոդվածը լրացվել է 12-րդ մասով, որի համաձայն՝ ապահովագրավճարներն ինքնուրույն վճարողների կամ հարկային գործակալների կողմից հաշվարկված ապահովագրավճարներից ավել փոխանցված կամ ապահովագրավճարի գծով պարտավորության բացակայության դեպքում սխալմամբ կատարված վճարումները ենթակա են վերադարձման՝ Կառավարության սահմանած կարգով։

Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծի նպատակն է սահմանել ապահովագրավճարներն ինքնուրույն վճարողների կամ հարկային գործակալների կողմից հաշվարկված ապահովագրավճարներից ավել փոխանցված կամ ապահովագրավճարի գծով պարտավորության բացակայության դեպքում սխալմամբ կատարված վճարումների վերադարձի մեխանիզմները՝ ապահովելով վճարողների կողմից ավել վճարված միջոցների վերադարձը։

Մասնավորապես, նախագծով սահմանվում է՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից և Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամից՝ վճարողների կողմից կատարված վճարումների վերադարձի հիմքերըդիմումի ներկայացման եղանակները, կարգը, դիմումի ուսումնասիրությունը, մերժման հիմքերը և ավել վճարված գումարի վերադարձման կարգը։

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կներդրվեն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կողմից ապահովագրավճարներն ինքնուրույն վճարողների կամ հարկային գործակալների կողմից հաշվարկված ապահովագրավճարներից ավել փոխանցված կամ ապահովագրավճարի գծով պարտավորության բացակայության դեպքում սխալմամբ կատարված վճարումների վերադարձի մեխանիզմները և կապահովվի այդ գումարների վերադարձի հնարավորությունը։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կողմից:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունnւմը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություն չի առաջացնի:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2023թ. փետրվարի 2-ի N 133-Լ որոշմամբ հաստատված Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի հետ, որի հավելված 1-ի 4.1 կետով նախատեսվում է առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանն ուղղված օրենսդրական փաթեթի մշակման պահանջը և ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագիրի հետ, որի 4-րդ բաժնի 4.5 կետով որպես Կառավարության հիմնական առաջնահերթություն առանձնացվում է առողջապահության ոլորտի զարգացումը և պահանջ է առաջադրվում ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգը` քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման համար, որն ուղղված է լինելու առողջապահական ծառայություններ ստանալու պահին քաղաքացու համար զգալի ծախսերի նվազեցմանը:

Նախագիծը կապված է նաև ՀՀ ՊԵԿ նախագահի 2025թ. դեկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարության բարեփոխումների և մաքսային ծառայության առաջիկա տարիների զարգացման ռազմավարական ծրագրերը հաստատելու մասին» N 1833-Լ հրամանի 1.1.2 «Կարգապահության ծախսերի կրճատման, կարգապահության խթանման նպատակով՝ օրենսդրական կարգավորումների օպտիմալացմանը, պարզեցմանն, այդ թվում՝ ֆինանսական ու հարկային հաշվառման մոտարկումների կարգավորումների սահմանմանն ուղղված առաջարկությունների ներկայացում» միջոցառման հետ, – տեղեկացնում է Iravaban.net։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։

Leave a Comment