ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։
«Ես ոչինչ չեմ կարող խոստանալ, քանի որ, իհարկե, դա կախված է նրանից, թե ինչպես կվարվեն իրանցիները վերջնականապես։ Ես վստահ եմ, որ նախագահը մեր զորքերը հետ չի ուղարկի, եթե դա անհրաժեշտ չէ, եթե չկա հստակ սահմանված նպատակ», – լրագրողներին ասել է Վենսը Վիրջինիա Բիչից (Վիրջինիա) մեկնելուց առաջ, երբ նրան հարցրել են, թե կարո՞ղ է երաշխավորել, որ ԱՄՆ-ն չի վերսկսի ռազմական գործողությունները Իրանի դեմ։
«Արդյո՞ք մենք պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկենք, դա իրանցիների գործն է։ Եթե նրանք որոշեն վերսկսել իրենց միջուկային ծրագիրը, եթե նրանք կրկին սկսեն թիրախավորել առևտրային նավագնացությունը, դա փոխում է մեր հաշվարկները», – ընդգծել է փոխնախագահը։ Նա նաև գովաբանել է ԱՄՆ և Իրանի պաշտոնյաների միջև տեխնիկական խորհրդակցությունների ընթացքը։ «Դեռ վաղ է ասել (դրանց արդյունքի մասին), բայց դրանք լավ են ընթանում», – ընդգծել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին չի հաստատել Իրանի դեմ գործողությունները վերսկսելու իր մտադրությունը՝ կարծիք հայտնելով, որ Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերությունները լավ են ընթանում։