Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Նախագծերով առաջարկվում է օրենսդրորեն կարգավորել անչափահասների և մինչև 21 տարեկան անձանց նկատմամբ դատարանի կողմից կիրառվող դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների կատարման կարգն ու պայմանները, ինչպես նաև հստակեցնել իրավասու մարմինների լիազորությունները։
Առաջարկվող փոփոխությունը
Գործող Քրեական օրենսգրքով նախատեսվում է, որ եթե անչափահասը կամ մինչև 21 տարեկան անձն առաջին անգամ մեղադրվում է ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարելու մեջ, դատարանը կարող է նրան ազատել քրեական պատասխանատվությունից՝ կիրառելով դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց։
Սակայն գործող օրենսդրությամբ սահմանված չէ, թե ինչ ընթացակարգով պետք է կատարվեն այդ միջոցները, ինչպես պետք է իրականացվի դրանց նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև՝ ինչ գործողություններ պետք է իրականացվեն, եթե անձը խուսափում է նշանակված միջոցից կամ խախտում է դրա պայմանները։
Կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է Քրեակատարողական օրենսգիրքը լրացնել նոր՝ 28.1-րդ գլխով, որով կսահմանվեն դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների կատարման ընդհանուր կարգն ու պայմանները։
Մասնավորապես, նախատեսվում է, որ իրավասու մարմինը դատական ակտն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պետք է պարզի անձի գտնվելու վայրը, նրան ծանուցի ներկայանալու մասին, կազմի անձնական գործ, հաշվառման քարտ և վերահսկողության պլան, ինչպես նաև պարզաբանի նրա իրավունքներն ու պարտականությունները։
Եթե անձը չներկայանա իրավասու մարմին, վերջինս պետք է այցելի բնակության, ուսման կամ աշխատանքի վայր՝ պարզելու չներկայանալու պատճառները։ Անձին չհայտնաբերելու դեպքում այդ մասին կտեղեկացվի ոստիկանությանը, իսկ եթե նրա գտնվելու վայրը 15 օրվա ընթացքում չբացահայտվի, իրավասու մարմինը կդիմի դատարան՝ հետախուզում հայտարարելու միջնորդությամբ։
Նախագծով նախատեսվում է նաև, որ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների կատարումը կարող է իրականացվել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ։
Ի՞նչ է փոխվելու իրավասու մարմինների լիազորություններում
Առաջարկվում է լրացնել նաև Քրեական օրենսգիրքը՝ նախատեսելով, որ տեղական ինքնակառավարման կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմինը կարող է անչափահասին կամ մինչև 21 տարեկան անձին ներկայացնել նաև կրթական, մարզական, մշակութային կամ հանրային ծրագրերին կամ միջոցառումներին մասնակցելու պահանջներ։
Այսպիսով, իրավասու մարմինները հնարավորություն կունենան անձանց ներգրավել նաև նրանց վերասոցիալականացմանն ու դրական վարքագծի ձևավորմանն ուղղված ծրագրերում։
Եթե անձը չկատարի նշանակված միջոցը
Նախագծով սահմանվում է, որ եթե անձը խուսափի դաստիարակչական բնույթի հարկադրանքի նշանակված միջոցից կամ խախտի դրա պայմանները, իրավասու մարմինը համապատասխան արձանագրություն կկազմի և դատարան կներկայացնի միջնորդություն՝ նշանակված միջոցը վերացնելու և օրենքով նախատեսված անվտանգության միջոց կիրառելու վերաբերյալ։
Նախագծերի ընդունմամբ կկարգավորվի անչափահասների և մինչև 21 տարեկան անձանց նկատմամբ կիրառվող դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների կատարման ամբողջ ընթացակարգը՝ սկսած հաշվառման վերցնելուց մինչև վերահսկողության ավարտը։ Միաժամանակ կհստակեցվեն իրավասու մարմինների լիազորությունները և կսահմանվեն միջոցների կատարման խախտման դեպքում կիրառվող իրավական ընթացակարգերը, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. Սույն նյութը պատրաստված է բացառապես իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։