Այսօր՝ հունիսի 29-ին կայացած գործակարգավարական նիստի ընթացքում քննարկվեց երթևեկության բեռնաթափման հարցը։ Երևանի քաղաքապետարանը նախատեսում է քաղաքի մուտքերի մոտ և տարբեր հատվածներում մեծ ավտոկայանատեղիներ կառուցել: Ծրագրի համաձայն՝ վարորդները պետք է այնտեղ թողնեն անձնական մեքենաները և տեղաշարժը շարունակեն հանրային տրանսպորտով: Քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ առաջ շարժվելու միակ ճանապարհը դա է:
«Եթե մարդատար ավտոմեքենաների քանակն ավելանում է, դրա միակ լուծումն այն է, որ որ հանրային տրանսպորտը պետք է ավելի լավ աշխատի, իսկ ավտոմեքենաները ավելի քիչ պետք է մտնեն այն հատվածներ, որտեղ որ գերծանրաբեռնված է։ Սա է այն միակ ճանապարհը, որով որ մենք կարող ենք առաջ շարժվել»,- ասել է քաղաքապետը։
Ավինյանը հայտնեց, որ քաղաքապետարանի երթևեկության կենտրոնը վերլուծել է 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին մայրաքաղաքում իրականացված շուրջ 75 մլն ուղևորություն, ինչի հիման վրա պլանավորվելու են տրանսպորտային համակարգի հետագա բարեփոխումները:
Այդ ժամանակահատվածում մարդատար ավտոմեքենաների միջին արագությունը քաղաքում կազմել է 25 կմ/ժ, սակայն ներկայումս արձանագրվում է անկման միտում դեպի 23,5 կմ/ժ, իսկ պիկ ժամերին միջին արագությունը կարող է նվազել մինչև 10 կմ/ժ, մինչդեռ մարդու սովորական քայլքի արագությունը 5 կմ ժամ է։
Քաղաքապետի փոխանցմամբ՝ վերլուծության կարևոր արձանագրումներից մեկը վերաբերում է մարդատար ավտոմեքենաներով կատարվող մինչև երկու կիլոմետր կարճ ուղևորություններին, որոնք կազմում են ընդհանուր հոսքի մոտ 15 տոկոսը: Այդ կարճ երթուղիների զգալի մասը բաժին է ընկնում Փոքր կենտրոնին։
Կենտրոնում իրականացվող ուղևորությունների մոտ 35 տոկոսը սկսվում և ավարտվում է հենց կենտրոնի տարածքում: Տիգրան Ավինյանը հանձնարարեց վերջնականացնել այս տվյալները և Ներքին գործերի նախարարության հետ համատեղ ներկայացնել երթևեկության կազմակերպման վերջնական լուծումներ:
Անդրադառնալով քաղաքացիների դժգոհություններին, որ ավտոբուսների առանձնացված գծերը խցանում են առաջացնում անձնական մեքենաների համար, քաղաքապետը նշեց, որ դա բնական հարց է, որն ունի հստակ պատասխան, քանի որ Երևանի, հատկապես Կենտրոնի փողոցները լայնանալու հնարավորություն չունեն: Չնայած Արշակունյաց պողոտան Իսակովի պողոտային միացնող ճանապարհի շինարարությանը և Հրազդանի կիրճի վրայով նոր կամուրջների կառուցման խոշոր ծրագրերին, տարածքային ընդլայնման հնարավորությունները սահմանափակ են, մինչդեռ մեքենաների քանակը շարունակաբար աճում է:
Տիգրան Ավինյանը հավելեց, որ ստեղծված իրավիճակում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի տրամադրումը մնում է քաղաքային իշխանության առաջնահերթությունը:
«Միակ բանը, որ մենք պետք է անենք, դա հանրային տրանսպորտի համար բոլոր հնարավոր տեղերում տալ առանձնացված գծեր, որպեսզի հանրային տրանսպորտով ուղևորությունները դառնան էլ ավելի արագ, էլ ավելի հարմար»,- ամփոփեց քաղաքապետը: