Այս նյութը քննադատություն չէ՝ ուղղված որեւէ կոնկրետ արվեստագետի կամ որոշակի ցուցադրության, սա ներկայիս Երեւանյան արվեստի ու ցուցադրությունների քննադատություն է:
Ներկայումս ապրող ու գործող յուրաքանչյուր արվեստագետ ու համադրող` այս ճգնաժամի ու լճացման պայմաններում պարտավոր է ի հայտ գալ որեւէ նորարարությամբ` լինի գաղափարի, թե նյութի տեսքով: Չնայած այս ամպագոռգոռ հայտարարությանը՝ արվեստագետներից շատերը գիտակցում են դա, ոմանք, անշուշտ, փորձում են նպաստել արվեստի զարգացմանը ու նրանց միայն ժամանակ է հարկավոր:
Այդուհանդերձ, Երեւանում ցուցադրությունները, որոնք երբեւէ որեւէ (թեկուզեւ՝ չնչին) նորարարությամբ էին հանդես գալիս հիմա հաճելի բացառություններ են դարձել: Ներկայիս ցուցադրություններից շատերը, չնայած իրենց գեղեցիկ անվանումներին, չունեն հստակ համադրողական ուղղվածություն: Նմանատիպ ցուցադրություններում հաճախ հանդիպում են աշխատանքներ, որոնք պարզապես լցնում են սրահն ու չեն խոսում ցուցադրության բուն հայեցակարգի հետ: Արդյունքում արվեստագետի խոսքը դիտորդին թերի է հասնում (եթե ընդհանրապես հասնում է):
Ցուցադրությունները չպետք է հին ընկերների հերթական հանդիպման առիթ, հնարավոր ճաշկերույթի կամ մարքեթինգի վայրեր լինեն:
Ցուցադրությունները պետք է ծառայեն գաղափարին, նոր խոսք փոխանցեն դիտորդին ու մտածելու առիթ տան նրան:
Ճանաչված նկարչի` որպես նկարիչ ցուցադրությունների ժամանակն անցել է: Նա այլեւս կարիք չունի ներկայանալ հանրությանը, նա պետք է դառնա այդ հանրության գաղափարական առանցքն ու ոգեւորի մյուս արվեստագետներին հետեւել նրա օրինակին ու երեւանյան աշխարհին նոր՝ համամարդկային գաղափախոսություն փոխանցել մաքուր արվեստի միջոցով: Արվեստագետը պարտավոր է անել դա՝ անկախ հանրության մեծ մասի կողմից նրա մտքի ընկալման աստիճանից:
Ներկայիս արվեստն այլեւս չի կարող զբաղվել կրկնօրինակմամբ, այն շարունակ պետք է ձգտի նորը ստեղծել, որքան էլ դա անհնար թվա:
Ցավոք, այդ նորը դեռեւս չկա, իսկ ներկայիս արվեստը զբաղված է տարատեսակ կրկնօրինակումներով, մարքեթինգով, աբսուրդով, բայց ո՛չ մաքուր արվեստով:
Մաքուր արվեստը չպետք է լինի լինելու համար, չպետք է ծառայի եսի կամ այլ օտար հայացքների:
Մաքուր արվեստը պետք է ծառայի բարձր նպատակների, համամարդկային արժեքների ու գաղափարախոսության:
Չպետք է, սակայն, անտեսել այն մարդկանց` արվեստագետներին ու համադրողներին, որոնք` անգամ շատերի կողմից անտեսված մնալով՝ փորձում են մաքուր արվեստ ստեղծել…
ՀՐԱՉՅԱ ԳԱԼՍՏՅԱՆ
արվեստաբան