Լուրջ – անլո՞ւրջ, թե՝ անլուրջ – լուրջ

Թող ներեն ինձ իմ ընթերցողները, անշուշտ եթե գլխավոր խմբագիրն էլ թույլ տա, այսօր լուրջ-անլուրջ բաներից եմ խոսելու: Թեեւ շատ դեպքերում մեր օրերում լուրջն անլուրջ է, իսկ անլուրջը լուրջ, այսուհանդերձ հանրության մի զգալի հատվածը, շատն ու քիչն ինքներդ որոշեք, ապրում է այս միջավայրում, չզանազանելով լուրջն ու անլուրջը: Այն ինչ կատարվում է որոշ աշխատասենյակներում ու դրանց հարող փողոցներին ու մայթերին, ասվածի հիմնական թե մասնակի արտացոլումն է, որը մեկ հիմնական ավարտ է ենթադրում՝ թող տիրի բանականությունը: Իսկ թե որտեղից գտնել այդ բանականություն կոչվածը, ավա՜ղ, որեւէ մեկը չի ասում, անգամ չի ակնարկում: Բա ո՞ւր մնաց մեր չարչրկված ներուժը, որի շուրջ օրվա ցանկացած պահի ու ժամի անգամ չմիացած արդուկն ու գազօջախն են խոսում, նույնիսկ սառնարանն ու լոգարանի ենիքը:

Իսկ ո՞ւր մնաց տան հիմնական զարդ-պարագաներից հացամանը: Չգիտես ինչու այն իր կարգավիճակից անհարմար զգալով խոհանոցի պահարաններից մեկի մութ անկյունում է պախկվել, իմա՝ ծանր ու թեթեւի, սեւի ու սպիտակի, համովի ու անհամի ճիրաններում է հայտնվել, կարգավիճակն է կորցրել, տեղը չի գտնում: Է, հետո՞. Երկիր մոլորակի չորս կողմերում լինի թե կենտրոններում լավից-վատից աշխատում-ապրում են, մենք կուչ եկածի կարգավիճակում հաղորդումների ենք սպասում, թե քանի վագոն ու տոննա հացահատիկ է երկիր մտնելու: Արդեն չենք հիշում տաշիրցի այն ֆերմերի մասին, որ խոստանում էր երկիրն ապահովել սեփական հնդկաձավարով, որը հայաստանաբնակներս գրեթե օր ու մեջ ենք վայելում: Դե խոսքը հայերիս հաճելի սնունդ դարձած գրեչկայի մասին է:

Բայց մենք անտարբեր չենք նաեւ հնդկա-չինացիների հիմնական սնունդ բրնձի հանդեպ, նույնիսկ խոսվում է այդ սննդահատիկի կախարդական հատկության մասին: Պատումներ կան առ այն, որ բրինձը ներշնչանքի աղբյուր է եղել… անգամ իտալացիների համար, հատկապես դասական երաժշտության պարագայում: Հիմա արդեն պարզ է, թե ինչու են ժամանակակից իտալացիները շարունակում բրնձի մշակումը, իրենց սպառածի եռակիից ավելի ծավալներով, 500 հազար տոննա վայելածի դիմաց ամբողջ 1.500.000 տոննա արտադրելով: Օդում կախված լուրերի համաձայն, այդ քանակից օգտվում են նաեւ հայաստանյան որոշ սննդի կետեր: Իսկ հայկական բրինձն այդպես էլ երազանք է մնում դասական երաժշտության թե հայ կատարողների, թե ունկնդիրների համար: Դե, ներուժ ունենք, դարերով դիմացել ենք, դարեր շարունակ էլ կդիմանանք, թե պետք լինի, ջրից ու մեր բարեբեր հողերի հանդեպ հոգատարությունից կխոսենք, լուրջ-լուրջ, չփորձեք անլրջություն հաղորդել:

Պատասխանատուները խոսում են գյուղացիներին թեւ ու թիկունք լինելու մասին, երբ գյուղերն իրականում դատարկվում են, հիմնական գյուղմթերքների արտադրությունը նվազում:

Շատ ու շատ բաներ են մեզանում լրջագույնս անլրջանում: Ասենք, լսում ես հագած-կապած, փողկապը պարտադիր ծուռ կապած մեկին, որը փորձում է ինչ-որ բան ասել-համոզել, ինքն ասածից դժգոհ չի մնում, փոխարենը լսողն է վրդովվում: Եվ այսպես՝ օրը ոչ մեկ անգամ, բազմաթիվ բնագավառների շուրջ, ասենք՝ գնաճի: Ամենօրյա պահանջի ու սպառման գրեթե բան չկա որ օրերի ընթացքում չթանկանա, իսկ մասնագետ ներկայացող լրջմիտները պնդում են, որ եռամսյակային գնաճը կանխատեսելիության միջավայրում է՝ 2 տոկոս: Այսօրինակ գործընթացներից մասամբ հանգստանալու նպատակով փորձեցի լուրջ-անլուրջ բառերի բացատրություններն ու հոմանիշները փնտել-գտնել: Ակադեմիական աշխատություններից մեկում «լուրջ» բառի դիմաց նշված էր «խոհեմ», «լրջմիտ», «զգոն», «ծանրակշիռ» ու մի քանի այլ հոմանիշներ, իսկ «անլուրջ» բառն ընդհանրապես չկար:

Մոլորվել կարելի է, եթե արդեն չենք մոլորվել:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Leave a Comment