Ընտրական մշակույթն ու տեղեկատվական դիմակայունությունը․ սեմինար՝ Կրաշենում

Մայիսի 31-ին Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Կրաշեն բնակավայրում անցկացվեց սեմինար-քննարկում «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակում։ Քննարկման նպատակն էր՝ բարձրացնել ընտրական իրավունքի և մեդիագրագիտության վերաբերյալ իրազեկվածության մակարդակը։

Քննարկմանը մասնակցում էին տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ։ Նրանք սեմինարի ընթացքում ծանոթացան Հայաստանում ընտրողների իրավունքների սահմանադրական և իրավական հիմքերին, ընտրական բարեվարքության ներպետական գործիքներին ու կարգավորումներին, նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերին՝ ընտրական գործընթացների մշտադիտարկման ու քաղաքացիական մասնակցության խթանման գործում։ Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան մի շարք խնդիրների, մասնավորապես, ընտրական գործընթացների նկատմամբ անվստահության, քաղաքացիական կրթության և համայնքային ներգրավվածության, երիտասարդների պասիվության խնդիրներին։

Մասնակիցները նաև կիսվեցին իրենց տպավորություններով՝ կարևորելով ոչ միայն ընտրական գործընթացների վերաբերյալ գիտելիքները, այլև մեդիագրագիտության զարգացմանն ուղղված ծրագրերը։

Կրաշենի բնակչուհին նշել է, որ քննարկումը բավականին օգտակար էր․«Ես տեղյակ չէի, որ գոյություն ունի կարգ, որին պետք է հետևեմ։ Տեղեկացա, թե ինչպես եմ մասնակցելու, ինչ հերթականությամբ եմ կատարելու իմ քայլերը, սովորեցի, թե ընտրական գործընթացների ժամանակ ինչպես պաշտպանեմ իմ իրավունքները,  որպեսզի այն չխախտվի։ Սովորեցի նաև, թե ինչպես կարելի է տարբերել կեղծ տեղեկատվությունը ստույգ ինֆորմացիայից,  խուսափել ապատեղեկատվություն տարածելուց»,-ասել է Նազելի Գալոյանը։ 

Քնարիկ Թամոյանն էլ իր հերթին կարևորեց սեմինարի քննարկումը․ «Այս քննարկումը շատ կարևոր էր նրանով, որ մենք իմացանք մեր անելիքը, հասկացանք, որ մեր ձայնը որոշիչ և կարևոր է, ու պարտադիր պետք է մասնակցել ընտրություններին»,- նշել է սեմինարի մասնակիցը։

Կրաշենի բնակչուհի Հայկանուշ Պետրոսյանի խոսքով՝ նման քննարկումներ հաճախ պետք է կազմակերպվեն։ «Մեզ պետք էր այս քննարկումը, որ հասկանանք ընտրություններին անշահախնդիր մասնակցության կարևորությունը։ Պետք է անպայման մասնակցել ընտրություններին»,-ասել է նա։

«Ֆլորա» կանանց հասարակական կազմակերպության նախագահ, տարածաշրջանային ՔՀԿ ներկայացուցիչ Սվետլանա Մկրտչյանը ևս կարևորեց ընտրական գործընթացներում քաղաքացիների մասնակցությունը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր անհատի ձայնը մշտապես որոշիչ է։

«Ծրագրի բանախոսները ներկայացրեցին ընտրողների իրավունքները, հնարավոր խախտումների մասին տեղեկություններ հայտնեցին՝ ինչպես ընտրել, ինչպես պաշտպանել իրենց իրավունքները, որոնք կարևոր են հենց ընտրությունների օրը, որպեսզի մասնակցելիս կարողանանք խուսափել տեխնիկական սխալներից»,-ասել է Սվետլանա Մկրտչյանը։ 

Տարածաշրջանային իրավաբան Հռիփսիմե Պետրոսյանը ներկայացրեց ծրագրի հիմնական դրույթները՝ ընդգծելով հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացման կարևորությունը։ Նա նշեց, որ ընտրական իրավունքների խախտման ցանկացած դեպքի վերաբերյալ քաղաքացիները պետք է անհապաղ տեղեկացնեն համապատասխան մարմիններին։

Սեմինար-քննարկման ընթացքում տարածաշրջանային ՔՀԿ լրագրող Արմենուհի Մամիկոնյանը ներկայացրեց և կարևորեց մեդիագրագիտության հիմնական սկզբունքները՝ ընդգծելով, որ դրանցով առաջնորդվելը կօգնի խուսափել ապատեղեկատվության տարածումից և նպաստել հավաստի տեղեկատվության տարածմանը։

Կեղծ տեղեկատվությունն ու ապատեղեկատվությունը հատկապես լայն տարածում են ստանում նախընտրական և ընտրական գործընթացների ընթացքում։ Այդ պատճառով այս ժամանակահատվածում առավել կարևոր է հետևել վստահելի և ստուգված աղբյուրների կողմից տարածվող տեղեկատվությանը՝ խուսափելով չճշտված տեղեկությունների տարածումից։

«Մեզ համար կարևոր է, որպեսզի հասարակությունն ավելի գիտակից դառնա, պատասխանատվությամբ մոտենա ընտրական գործընթացներին և անպայման մասնակցություն ունենա։ Այն համեմել ենք մեդիագրագիտության սեմինարով, քանի որ այս ժամանակահատվածում առավել քան ակտիվանում է կեղծ տեղեկատվության հոսքը, իսկ իրազեկման միջոցով մենք կանխում ենք նաև ապատեղեկատվության տարածումը քաղաքացիների շրջանում։ Կարծում եմ՝ հանդիպումը, որին մասնակցեցին Կրաշեն գյուղի բնակիչները, շատ արդյունավետ էր»,-ընդգծել է Հռիփսիմե Պետրոսյանը։ 

Քննարկման ավարտին մասնակիցները կարևորեցին շարունակական քաղաքացիական կրթության, համայնքային բաց քննարկումների և քաղաքացիների մասնակցության մեխանիզմների ամրապնդման անհրաժեշտությունը։ Նրանք ընդգծեցին, որ նման սեմինար-քննարկումները նպաստում են քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանը՝ հնարավորություն տալով նրանց ավելի տեղեկացված, գիտակցված և ազատ որոշումներ կայացնել։

Սույն հոդվածը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի (NDF) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում նյութի հեղինակը՝ Արմենուհի Մամիկոնյանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Iravaban.net-ի տեսակետները։

Leave a Comment