«Հավերժ չենք կարող այս դատավարությունը շարունակել․․․». Արմեն Սաքապետոյանի գործով նոր պատասխանող է ներգրավվել

Հակակոռուպցիոն դատարանում հունիսի 22-ին շարունակվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործի նախնական դատական քննությունը, որով որպես պատասխանողներ ներգրավված են Արմեն Սաքապետոյանը և մի շարք այլ անձինք։

Iravaban.net-ի փոխանցմամբ, դատական նիստին ներկայացել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչներ Դավիթ Մեհրոյանը և նրա գործընկեր Կառլեն Ափինյանը, պատասխանող Արմեն Սաքապետոյանը, ինչպես նաև նրա ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը։

Նիստի ընթացքում դատարանը քննարկեց հայցի հիմքի և առարկայի փոփոխության, նոր պատասխանող ներգրավելու, ինչպես նաև պաշտպանական կողմի ներկայացրած ապացույցների ապահովման միջնորդությունը։

Դատարանը քննարկման առարկա դարձրեց հայցի հերթական փոփոխությունը

Դատարանն վերադարձավ նախորդ նիստում ներկայացված՝ հայցի հիմքի և առարկայի փոփոխության, ինչպես նաև նոր պատասխանող ներգրավելու վերաբերյալ դատախազության միջնորդությանը։

Հիշեցնենք, որ նախորդ նիստում դատարանը հայցվոր կողմին պարտավորեցրել էր ներկայացնել այն փաստաթուղթը, որի հիման վրա ստացվել էին նոր տվյալներ և ներկայացվել էր հերթական փոփոխված հայցը։

Դատախազության ներկայացուցիչ Դավիթ Մեհրոյանը դատարանին ներկայացրեց իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանն ուղղված դիմումը և դրա պատասխանը՝ նշելով, որ հենց այդ տվյալներն են հիմք հանդիսացել հայցի փոփոխության համար։

Ներկայացված փաստաթղթի վերաբերյալ պատասխանող կողմը մի շարք հարցեր ուներ։ Մասնավորապես, պաշտպանական կողմը հիշեցրեց,  որ դեռևս մարտի 16-ի դատական նիստում Դավիթ Մեյրոյանը հայտնել էր, թե նույն տեղեկությունների ճշտման նպատակով հարցումներ արդեն կատարվել են, մինչդեռ ներկայացված գրությունը թվագրված էր ավելի ուշ ամսաթվով։ Մեյրոյանն ի պատասխան նշեց, որ մարտին խոսքը ոչ պաշտոնական ճշտումների մասին էր, իսկ պաշտոնական հարցումը պետական ռեգիստր ուղարկվել է ավելի ուշ։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև այն հարցին, թե ինչ ծավալի հասանելիություն ունի Դատախազությունը պետական շտեմարաններին և արդյո՞ք կարող է անմիջականորեն ծանոթանալ գործարքների հիմքում ընկած փաստաթղթերին։ Պատասխանող կողմի պնդմամբ, դատախազությունն ունի բավականին լայն հասանելիություն, մինչդեռ հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ գործարքների հիմքում ընկած փաստաթղթերը ձեռք են բերվում լրացուցիչ հարցումների միջոցով։

Փաստաթղթի ներկայացումից հետո դատարանն անցավ միջնորդության բովանդակային քննարկմանը։ Դատավոր Լիլի Դրմեյանը հիշեցրոց, որ նախկինում նույնաբնույթ միջնորդության ներկայացման կապակցությամբ արձանագրել էր իրավունքի չարաշահման փաստ և զգուշացրել դատավարական հնարավոր հետևանքների մասին։

Սակայն այս անգամ դատարանը եկել է այլ եզրակացության։

«Թեև ոչ անհրաժեշտ ջանասիրությամբ, բայց հայցվորը տնօրինչականության սկզբունքի շրջանակներում օգտվել է իր դատավարական իրավունքներից, նոր տվյալների ստացման արդյունքում ներկայացրել է հայցի հիմքի և առարկայի փոփոխության, նոր պատասխանող ներգրավելու մասին միջնորդություն, և դատարանը գտնում է, որ այստեղ իրավունքի չարաշահման դեպք առկա չէ»,- նշեց Լիլի Դրմեյանը

Պատասխանող կողմը, մասնավորապես Արմեն Սաքապետոյանը և Արմեն Հարությունյանը  հայտնեցին, որ ներկայացված փաստական տվյալների մասով առարկություն չունեն, քանի որ դրանք արտացոլում են փաստացի սեփականության կառուցվածքը։ Դատավարական առումով պատասխանող կողմի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել։

Դատարանը, արձանագրելով, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածով նախատեսված խոչընդոտները բացակայում են, բավարարեց միջնորդությունը։ Արդյունքում դատարանը որոշեց գործին որպես պատասխանող ներգրավել Արեգ Սաքապետոյանին։ Նոր պատասխանողի ներգրավմամբ պայմանավորված՝ դատարանը նաև արձանագրելց գործի քննությունը հետաձգելու անհրաժեշտությունը, որպեսզի վերջինիս ապահովվի իր դատավարական իրավունքներն իրականացնելու հնարավորություն։

Նիստի ամենաերկար հատվածը վերաբերում էր Դատախազության կողմից կատարված վերահաշվարկներին և դրանց հիման վրա ներկայացված նոր պահանջներին։

Արմեն Սաքապետոյանը դատարանում նշեց, որ հայցի հերթական փոփոխությունը դատախազությունը հիմնավորել է Սահմանադրական դատարանի որոշմամբ և գործով կատարված վերահաշվարկներով, սակայն կողմին տրամադրված համեմատական աղյուսակներից հնարավոր չէ հասկանալ, թե կոնկրետ որ հանգամանքներն են դարձել առանձին գործարքների վերագնահատման հիմք։ Նրա խոսքով՝ նախկինում օրինական համարված մի շարք փոխառություններ և փոխանցումներ այժմ այլևս նույն կերպ չեն գնահատվում, սակայն դրա պատճառաբանությունները հստակ ներկայացված չեն։

«Ես ուզում եմ հասկանալ, թե ինչու նույն փաստաթուղթը մի փուլում ընդունվել է որպես արժանահավատ, իսկ հաջորդ փուլում այլևս չի համարվում այդպիսին»,- ասաց Սաքապետոյանը։

Քննարկման ընթացքում նա կոնկրետ օրինակներով ներկայացրեց մի շարք փոխառությունների և փոխանցումների պատմությունը՝ պնդելով, որ դրանց վերաբերյալ ներկայացվել են պայմանագրեր, բանկային փաստաթղթեր և այլ հիմնավորումներ, որոնք նախկինում ընդունվել են դատախազության կողմից։

Դատախազության ներկայացուցիչները, իրենց հերթին նշեցին, որ մի շարք դեպքերում ներկայացված փաստաթղթերը բավարար չափով արժանահավատ չեն դիտարկվել կամ իրավասու մարմնի համար չեն պարզաբանել գործարքի իրավական հիմքը։ Դատարանը մի քանի անգամ փորձեց հստակեցնել՝ արդյո՞ք գնահատականների փոփոխությունը պայմանավորված է նոր փաստական տվյալներով։ Ի պատասխան՝ Դավիթ Մեյրոյանը ասաց,  որ խոսքը ներկայացված գործարքների վերագնահատման մասին է։

Դատավորի հարցին՝ առկա՞ է որևէ նոր օբյեկտիվ հանգամանք, Մեյրոյանը ներկայացուցիչը պատասխանեց,-.«Ոչ, օբյեկտիվ նոր տվյալ չկա»։ Այդ պատասխանից հետո Արմեն Սաքապետոյանը հայտարարեց, որ հենց դա է իր մտահոգության պատճառը։ Նրա խոսքով՝ ստացվում է, որ նույն փաստաթղթերը մի փուլում գնահատվել են որպես բավարար, իսկ այժմ այլևս բավարար չեն համարվում։

«Մենք գործ ունենք Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազության հետ։ Չի կարող դատախազության մի ներկայացուցիչ մի օր գա ասի՝ այսպես է, հետո մեկ ուրիշը գա ու ասի՝ այլ կերպ է։․․․Մենք հավերժ չենք կարող այս դատավարությունը շարունակել։ Դուք այս գործընթացը սկսել եք, դրանից հետո ծնված երեխաները այս տարի սեպտեմբերին դպրոց են գնում»,-ամփոփեց Սաքապետոյանը։

Դատախազության ներկայացուցիչները պնդեցին, որ ներկայացված փաստաթղթերի նկատմամբ պարզապես իրականացվել է նոր գնահատում, իսկ դրանց արժանահավատության վերաբերյալ վերջնական դիրքորոշումները կարող են քննարկվել նաև դատաքննության հետագա փուլերում։

Պատասխանող կողմը ներկայացրեց ապացույցների ապահովման միջնորդություն

Նիստի երկրորդ կարևոր մասը վերաբերում էր պատասխանող կողմի ներկայացրած ապացույցների ապահովման միջնորդությանը։ Միջնորդությունը ներկայացրեց Արմեն Հարությունյանը։ Նրա խոսքով՝  շարունակում է առանցքային նշանակություն ունենալ այն հարցը, թե ինչ հիմքով է սկսվել ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրությունը և ինչ ճանապարհով են հավաքագրվել սկզբնական տեղեկությունները։ Հարությունյանը նշեց, որ գործի նյութերում առկա է 2021 թվականի մայիսի 20-ի գրությունը, որը, ըստ պաշտպանության, հանդիսացել է ուսումնասիրության մեկնարկի առանցքային փաստաթուղթը, սակայն դրա բնօրինակը մինչ օրս չի ներկայացվել պատասխանող կողմին։

«Այսօր փաստացի մենք իրական վտանգի առջև ենք, որ հնարավոր է այդ փաստաթղթերը վերանան»,- հայտարարեց նա։

Հարությունյանը Դատարանին խնդրեց պարտավորեցնել Գլխավոր դատախազությանը և Ներքին գործերի նախարարությանը պահպանել նշված գրության բնօրինակը և ձեռնպահ մնալ դրա ոչնչացումից կամ արխիվացումից։ Բացի այդ, միջնորդությամբ առաջարկվեց պահպանել նաև այն բոլոր հարցումները և պատասխանները, որոնք ուղարկվել են տարբեր պետական մարմինների՝ Արդարադատության նախարարություն, Կադաստրի կոմիտե, Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումներ և այլ կառույցներ։

Առանձին անդրադարձ  կատարվեց նաև բանկային տեղեկություններին։ Պատասխանող կողմը պնդեց,  որ ուսումնասիրության հիմքում ընկած փաստաթղթում առկա են բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, որոնց ստացման օրինականության հարցը հետագայում կարող է դառնալ առանձին քննության առարկա։ Այդ պատճառով դատարանին առաջարկվեց պարտավորեցնել նաև Կենտրոնական բանկին և առևտրային բանկերին պահպանել համապատասխան հարցումները, պատասխանները, էլեկտրոնային տվյալները և փաստաթղթաշրջանառության պատմությունը։

«Այս պահին մենք չենք պահանջում այդ ապացույցները։ Մենք խնդրում ենք միայն ապահովել, որպեսզի դրանք չարխիվացվեն, չոչնչացվեն և հետագայում հասանելի լինեն դատարանին»,- ասաց Հարությունյանը։

Դատարանը մի շարք ճշտող հարցեր տվեց միջնորդության վերաբերյալ, մասնավորապես՝ ապացույցների ապահովման իրավական հիմքերի և կիրառելի միջոցների մասով։

Քանի որ գործին ներգրավվել է նոր պատասխանող, իսկ կողմերի միջև շարունակում են մնալ չլուծված հարցեր՝ կապված վերահաշվարկների և ապացույցների ապահովման միջնորդության հետ, Դատարանը որոշեց շարունակել նախնական դատական քննությունը հաջորդ նիստերում։

Հաջորդ նախնական դատական նիստերը նշանակվեցին 2026 թվականի օգոստոսի 12-ին և օգոստոսի 14-ին՝ ժամը 10:00-ին։






Կարդացեք նաև՝

Leave a Comment