Ընտրական գործընթացներում ներգրավված դպրոցների տնօրենները պետք է զրկվեն ղեկավար պաշտոններից. Իրինա Յոլյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված, Գորիսի նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը

Ընտրական խայտառակ խախտումներին զուգահեռ արձանագրենք ևս մեկ երևույթ ընտրական գործընթացների ժամանակ մի շարք դպրոցների տնօրեններ բացահայտ կերպով դարձան իշխանության քաղաքական պատվերների կատարողներ։ Ոմանք ներգրավվեցին քարոզչական գործունեության և քաղաքական շահերի սպասարկման գործընթացներում՝ խաթարելով դպրոցի՝ որպես անկախ կրթական հաստատության հեղինակությունը։

Սա պետք է արժանանա հստակ քաղաքական և իրավական գնահատականի։ Երեխաների կրթությամբ պետք է զբաղվեն մանկավարժներ, ոչ թե քաղաքական ակտիվիստներ։ Այն տնօրեններն ու աշխատակիցները, որոնք ընտրական գործընթացներում ծառայեցին որպես կուսակցական շահերի սպասարկողներ և զբաղվեցին քաղաքական քարոզչությամբ, պետք է ոչ միայն ենթարկվեն պատասխանատվության, այլև զրկվեն կրթական համակարգում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։ 

Կրթությունը պետք է վերջնականապես ազատագրվի քաղաքականությունից։ Դպրոցը պետք է ծառայի պետությանը և հասարակությանը, ոչ թե հերթական իշխանության վերարտադրմանը։

Ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարարի հպանցիկ արձագանքին և ընդամենը մեկ-երկու դեպքի հիշատակմանը, ապա դա չի կարող համարվել համարժեք արձագանք համակարգային խնդրին։ Պետք է սկսել հետևողական և համապարփակ քննություն։

Իրավապահ մարմինները պարտավոր են մանրակրկիտ ուսումնասիրել ընտրական գործընթացներում ներգրավված բոլոր կրթական հաստատությունների ղեկավարների գործողությունները, բացահայտել քաղաքական ազդեցության, պաշտոնեական դիրքի չարաշահման և վարչական ռեսուրսի կիրառման բոլոր դեպքերը և դրանք հասցնել իրավական ավարտի։

Leave a Comment