Քրեական արդարադատության համակարգում թվային գործիքների կիրառումն աստիճանաբար դառնում է օրենսդրական փոփոխությունների կարևոր ուղղություններից մեկը։ Հայաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկում է ընդլայնել դատական նիստերի ընթացքում տեսակապի կիրառման հնարավորությունները։ Ազգային ժողովում քննարկվող օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ որոշ դեպքերում մեղադրյալները կարող են դատական նիստերին մասնակցել ոչ թե դատարանի դահլիճից, այլ քրեակատարողական հիմնարկներից կամ կալանավայրերից՝ տեսակապի միջոցով։ Նախաձեռնության հեղինակների համոզմամբ՝ փոփոխությունները միտված են դատավարությունների արդյունավետության բարձրացմանը, անվտանգության ապահովմանը և պետական ռեսուրսների առավել նպատակային օգտագործմանը։ Թեման Iravaban.net-ի հետ զրույցում ներկայացրել են «Իրավաբանական խորհրդատվական խումբ» փաստաբանական ընկերության գործընկեր փաստաբան Հունան Բաբայանը և «Կոնտրա Լեգեմ» փաստաբանական ընկերության հիմնադիր, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։