Մինչ ընդդիմադիր ուժերը խոսում են համագործակցության և հետընտրական համատեղ քայլերի անհրաժեշտության մասին, իշխանությունը վստահեցնում է, որ ընդդիմությունը փողոցային պայքարի ներուժ չունի, իսկ ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնելու հիմքեր չկան։ Խորհրդարանական ճեպազրույցներում իշխող ուժի և ընդդիմության ներկայացուցիչներն անդրադարձել են նոր խորհրդարանի ձևավորմանը, Սահմանադրական դատարան ներկայացված դիմումներին և սահմանադրական փոփոխությունների հեռանկարին։
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը կարծում է, որ ընդդիմությունը փողոցային պայքարի ներուժ չունի։ Տեսակետը նա հայտնել է 8-րդ գումարման խորհրդարանի վերջին ճեպազրույցների ժամանակ՝ արձագանքելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի համախմբմամբ փողոցային պայքար գեներացնելու նախաձեռնությանը։
«Ինչ վերաբերում է, որ ասում են՝ դե մենք ընդդիմադիրներով կհավաքվենք. իրենք ընդդիմադիրներով վաղուց են իրար հետ հավաքված, նրանք պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչներն են՝ իրենց պոչերով, թաթիկներով, ոտիկներով, ականջներով, էլ չգիտեմ ինչերով։ Եվ հետևաբար, պարզից էլ պարզ է, թե մենք ում հետ գործ ունենք. ջախջախվել է պատերազմի եռագլուխ ընդդիմությունը, և ջախջախվելու է առաջիկա խորհրդարանում նաև, եթե մտքների ծայրով անցկացնեն, վերցնեն մանդատները և գան խորհրդարան, մենք նրանց քաղաքականապես ջախջախելու ենք այս խորհրդարանում»։
Մանդատներ վերցնել-չվերցնելու հարցն առայժմ առկախված է։ «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել երկրորդ փուլ: Այս մասին գրել է կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը՝ տեղեկացնելով, որ դիմումը հունիսի 19-ին արդեն մուտքագրվել է։ Մանդատները վերցնելու հարցն առայժմ առկախված են թողնում նաև «Հայաստան» դաշինքում։ Դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը խոսում է ընդդիմադիր ուժերի համագործակցության անհրաժեշտության մասին։

«Մենք ենք եղել այն ուժը, որ նաև նախընտրական շրջանում, ասել ենք, որ այո՛, համագործակցություն անհրաժեշտ է, որովհետև ստեղծված իրավիճակը … չկա, մի քաղաքական ուժ կամ մի անհատ, որ կարող է միայնակ լուծել։ Ուրախ ենք, որ հիմա գնում ենք այդ ճանապարհով։ Ես գնահատում եմ և կարևորում եմ, որ կա այդ քննարկումը և գիտակցումը համագործակցության անհրաժեշտության, որովհետև դա է միակ ճանապարհը։ Մնացածը, կարծում եմ, առաջիկա փուլում, որը Սահմանադրական դատարան ընդդիմության ուժերի բողոքների քննարկման փուլն է, ավելի պարզ կերևա, ինչի մասին էին այս քննարկումները, համատեղ աշխատանքը»։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ գործակցություն հնարավոր է բոլոր այն ուժերի հետ, որոնց նպատակը փոփոխությունն է։
ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի խոսքով՝ Հայաստանի քաղաքացին քվեարկությամբ պաշտպանել է երկրի ինքնիշխանությունը, իսկ ընդդիմադիրների խոսույթը զուտ դաշտում մնալու, ինչ-որ բան գեներացնելու նպատակ ունի։
«Ընտրություններից անցել է 12 օր, որևէ խնդիր չի առաջացել, որևէ կերպ չեն կարողանում ստվեր նետել ընտրությունների վրա, այնպես որ, հետագայում էլ ես չեմ կարծում որևէ բան կկարողանան գեներացնել»։

Տեսակետ կա, որ իշխող ուժը նույնպես գոհ չէ ընտրությունների արդյունքներից այն առումով, որ նոր խորհրդարանում չունի սահմանադրական մեծամասնություն, հետևաբար՝ կողմնակից է նոր ընտրություններ անցկացնելուն։ Արթուր Հովհաննիսյանն այս մեկնաբանությունը աբսուրդի ժանրից է համարում։ Ասում է՝ շնորհակալ են այն 728 հազար քաղաքացիներին, որոնք տեր են կանգնել խաղաղությանը։
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում միանձնյա ձևավորելու է կառավարություն, և որևէ խոչընդոտ չի ստեղծվել մեզ համար Հայաստանի Հանրապետության շահերը սպասարկելու վերաբերյալ։ Այս իմաստով բոլոր մեկնաբանությունները տեղին չեն։ Մենք գոհ չենք մի բանից, որ հնարավոր է եղել ինչ-որ չափով կիրառել ընտրակաշառքներ բաժանելու մեխանիզմը, ինչի վերաբերյալ, իմ գործընկեր տիկին Ղազարյանը նաև համահեղինակել է նախագիծ, և այդ նախագծի միջոցով, մի շարք այլ իրավական պրոցեսների միջոցով մենք էս խնդիրները կլուծենք»։
Նախագիծը սահմանելու է ընտրակաշառքի համար նախատեսված պատժամիջոցների խստացում։ Նաև նախատեսելու է ընտրելու իրավունք տալ միայն ՀՀ այն քաղաքացիներին, որոնք վերջին մեկ տարում բնակվել են Հայաստանում։ Մինչև այդ, Արթուր Հովհաննիսյանի խոսքով, չեն առկախվելու այն օրակարգերը, որոնց համար պահանջվում է սահմանադրական մեծամասնություն խորհրդարանում։ Օրինակ՝ Սահմանադրական փոփոխությունների հարցը.
«Որոշակի դժվարություններ, այո՛, ստեղծվել են այս իմաստով, բայց մենք շարունակելու ենք մեր օրակարգերով առաջ շարժվել և, միանշանակ, մենք կգտնենք լուծումներ այն փոփոխություններն իրականացնելու առումով, որոնք ենթադրում են նոր Սահմանադրության ընդունում»։
Հովհաննիսյանը հիշեցնում է, որ նոր Սահմանադրության ընդունումն իշխող ուժի օրակարգում է դեռևս 2019 թ.-ից և կուսակցությունը չի շեղվելու դրանից։