
Հայաստանի արտգործնախարարը Լյուքսեմբուրգում հորդորել է Եվրամիության երկրներին արագացնել քայլերը՝ աջակցելու Հայաստանին ռուսական վերջին սահմանափակումների ֆոնին, Բրյուսելից հաղորդում են «Ազատության» աղբյուրները։
«Դրական և կարևոր հանդիպում էր՝ Ռուսաստանի հիբրիդային ու առևտրային հարձակումներին հակազդելու համար»,- «Ազատությանն» ասել է հանդիպումներին ներկա եվրոպացի դիվանագետներից մեկը։
Ավելի վաղ «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը մտադիր է Հայաստանին արտոնյալ պայմաններ՝ Առևտրի ինքնավար միջոցառումներ առաջարկել (Autonomous Trade Measures – ATM), որի շրջանակում հայկական որոշ ապրանքներ կարող են եվրոպական շուկա մտնել առանց մաքսատուրքերի և քվոտաների։
Միրզոյանի այցի ընթացքում, ըստ «Ազատության» աղբյուրների, Եվրահանձնաժողովը վերահաստատել է այս հանձնառությունը։ Ակնկալվում է, որ ապրանքների ցանկը հայտնի կդառնա առաջիկա շաբաթների ընթացքում։
«Այցը հաստատեց ԵՄ-ի և Հայաստանի միջև խորացող հարաբերությունները»,- ասել է եվրոպացի մեկ այլ դիվանագետ՝ հավելելով. «Արտգործնախարար Միրզոյանը շեշտեց նաև էներգետիկ ոլորտը դիվերսիֆիկացնելու՝ Հայաստանի ցանկությունն ու շեշտեց այդ ուղղությամբ ԵՄ-ի կողմից քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը»։
Ըստ «Ազատության» աղբյուրների՝ հանդիպմանը Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ սահմանը կբացվի առաջիկա ժամանակահատվածում։ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում էլ նշել է անորոշությունը, որը ի հայտ է եկել հունիսի 7-ի ընտրություններից հետո, որոնց արդյունքներով Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» չկարողացավ ստանալ սահմանադրական մեծամասնություն։
Երեկ Փաշինյանը Խորհրդարանում հայտարարեց, թե Ադրբեջանի նախագահի օգնականի անցած շաբաթվա այցը կապված էր հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների, մասնավորապես, դրանից ի հայտ եկած «սպառնալիքները կառավարելու հետ»։