Դատարանը վարույթ է ընդունել Սամվել կարապետյանի հայցն ընդդեմ Քաղաքացիական պայմանագրի և Հանրային հեռուստատեսության

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սամվել Կարապետյանը մայիսի 21֊ին դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի։

Հայցապահանջով հայցվորը խնդրել է պատասխանողներ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պարտավորեցնել հայցը բավարարվելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց եռօրյա ժամկետում հրապարակայնորեն, նույն եղանակով հերքել Սամվել Կարապետյանի վերաբերյալ հրապարակված զրպարտություն համարվող փաստացի տվյալները՝ հետևյալ բովանդակությամբ. «Հանրային հեռուստաընկերությամբ հրապարակված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչական տեսանյութը «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի վերաբերյալ տարածել է զրպարտչական բնույթի կեղծ տեղեկություններ: Ինչպես նաև պարտավորեցնել պատասխանողներին հայցը բավարարվելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց եռօրյա ժամկետում հրապարակայնորեն ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից՝ վերջինիս արժանապատվությունն ու բարի համբավը վիրավորական արտահայտություններով արատավորելու համար։

Գործը դատարան ստացվելու օրը մակագրվել է դատավոր Աշոտ Արթուրի Հովհաննիսյան։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, հունիսի 5-ին վերջինիս կողմից որոշում է կայացվել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին։ Գործով նախնական դատական նիստեր դեռևս նշանակված չեն։

Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։

Leave a Comment