Պետք է նոր ընտրություններ տեղի ունենան. ռեպրեսիաները շարունակվելու են. Թևան Պողոսյան

 Azg.am-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Թևան Պողոսյանը։

-Պարո՛ն Պողոսյան, երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց խորհրդարանական ընտրությունները, ինչից հետո պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս առումով։

-Կեղծված ընտրություններից հետո առհասարակ ինչպե՞ս կարելի է ընտրությունները մեկնաբանել։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է որոշի՝ ինչ անել։ Իրենք պետք է հասկանան՝ ինչ և ինչպես անել։ ԲՀԿ-ն քաղաքական ուժ է, որը, վստահ եմ, կոնսուլտացիաներ կանի և գործողություններ կառաջարկի։ Հիմա ամենաանշնորհակալ գործն է խորհուրդ տալ որևէ մեկին ինչ-որ բան անել։ Թե որն է ամենաճիշտ քայլը՝ իրենք ամենալավը գիտեն, որովհետև իրենք իրենց ուժերով դա պետք է անեն։

Ճիշտն այն կլինի, որ հասնեն նոր ընտրությունների։ Պետք է նոր ընտրություններ տեղի ունենան, և այնպիսի իրավիճակ լինի, որ բոլորը վստահ լինեն՝ արդյունքները լինելու են ազնիվ։ Ճիշտը սա է։ Երբ կա սուտ, այն պետք է վերացնել։

-Ձեր կարծիքով՝ իշխանությունները թույլ կտա՞ն նոր, արդար ընտրություններ անցկացնել՝ հաշվի առնելով հունիսի 7-ի ընտրությունների ընթացքում տեղի ունեցած տոտալ խախտումները, ընտրություններին հաջորդած գործընթացները։

-Դուք ուզում եք ասել, որ ոչ արդար, ոչ ազնիվ և խաբեբա ընտրություններ կազմակերպած իշխանություններն ինչ-որ բա՞ն թույլ կտան։ Իհարկե, աշխարհում անհարին ոչինչ չկա, բայց ամբողջ հարցն այն է, թե ինչպես է պետք ամեն ինչ կազմակերպել։ Ճիշտը, կրկնում եմ, նոր ընտրություններն են, բայց ինչպե՞ս հասնել դրան՝յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է իր հաշվարկներն անի։

-Պարո՛ն Պողոսյան, անձամբ Դուք ստեղծված իրավիճակում ի՞նչ լուծումներ եք առաջարկում։

-Ես լուծում չունեմ, որ առաջարկեմ նրանց, ասեմ՝ այս դեղատոմսը վերցրեք, գնացեք արեք։ Իսկ մնացածը՝ ինչ-որ հիմա ասվում է, օգտագործվում է և՛ քաղաքական ուժերի, և՛ անհատների դեմ։ Դուք ինձ հարցնում եք՝ ի՞նչ է պետք անել. պետք է  հաղթահարել վախի մթնոլորտը, ռեպրեսիաները, պետք է օրինականություն հաստատել. մնացածը քաղաքական ուժերը պետք է որոշեն՝ ինչպես են պայքարում։

-Իսկ ընդդիմությունն այսօր ունա՞կ  է կոնկրետ գործողությունների։

-Ընդդիմությունն ունակ է եղել բոլոր կեղծումների շրջանակներում այսքան ձայներ հավաքել։ Եթե ընդդիմադիր որևէ կուսակցություն հայտարարի, որ վաղն այս կամ այն գործողությունն է անելու, ընդդիմությանն ընտրած քաղաքացիները գնալո՞ւ են այդ գործողությունենրն անեն։

Հիմա այդ քաղաքացի՞ն է, որ չի գնացել, թե քաղաքական ուժն է, որ չի արել։ Քաղաքական ուժերը կոչ էին արել երեկ հավաքվել ԿԸՀ-ի դիմաց։ Ե՞վ. չգիտեմ՝ քանի՞ հոգի էր այնտեղ։

-Պարո՛ն Պողոսյան, այսիքն՝ այն, ինչ կատարվում է ընտրություններից հետո, կարելի՞ է համարել ընդդիմության վրա տոտալ հարձակում, նրանց գործողությունները սահմանափակելու ագրեսիվ քաղաքականություն։

-Բնականաբար։ Ռեպրեսիաները շարունակվելու են։ Ինչպես ընտրություններն են կեղծել, և ընտրությունների ընթացքում ուժ է կիրառվել, այնպես էլ հաջորդող գործողություններն են։ Ձեզ ի՞նչ է թվում. այդքանն արել էին, որ ընտրություններից հետո ասեին՝ լավ, սրանից հետո օրինականությո՞ւն է Հայաստանում։

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերում ընդդիմության առաջնորդներ Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի նկատմամբ երկրից բացակայելու արգելքին, հենց «Զվարթնոց» օդանավակայանում նրանց ելքն արգելելու գործողություններին։

-Դա ռեպրեսիաների շարունակություն է։ 2021 թվականի հունիսին տեղի ունեցած ընտրություններից հետո ինձ հարցնում էին՝ ի՞նչ է տեղի ունենալու։ Ես ասում էի՝ ռեպրեսիաներ։ Որևէ նոր բան չկա։

Պարզապես երբ ծառայում են թուրքի շահերին, այսպես է լինում։ Երբ 2021-ի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ինձ հարցնում էին՝ ի՞նչ վիճակ է ձևավորվելու, ես ասում էի՝ ուրախացան 80 միլիոն թուրքերը, 10 միլիոն ադրբեջանցիները և մի երկու հազար հայեր, որ պաշտոններ են ստանալու։ Հիմա այս 5 տարվա ընթացքում տեսնում ենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց հաղթարշավն առաջ են տանում և ուրախանում։ Նույնիսկ բացահայտ ասում էին, թե ում են ուզում ՀՀ վարչապետ տեսնել։

Իսկ այն մարդիկ, որ գնացել են, իշխանությանն են ընտրել, ստիպողաբար, ճնշումների ներքո են քվեարկել, զոռով են քվեարկել՝ ուժայիններից սկսած, բայց ինչ-որ քվեներ տվե՞լ են։ Այդ մարդիկ Ալիևի կամ Էրդողանի կոչե՞րն են լսել։ Եթե այդ մարդիկ իրենց մեջ ունակ են դա ընկալել, թե իրենց գործողությունների արդյունքում ինչ ձևավորեցին…
Տեսեք, բոլորը նստած նայում էին, թե ինչպես են հայերն իրար ամենավերջին բառերն ասում, իրար հանդեպ ամենավատ բառապաշարն օգտագործում, ինչպես էին գործողներն ընդդիմադիրներին ճնշում, բանտեր նստեցնում և դրանից հրճվում էին։ Կողքից նայող հայն ինչպե՞ս էր իրեն զգում, երբ երկու հայի միջև թշնամանք է ծնվում, երրորդ կողմը դա ողջունում է։

Եթե մենք հասել ենք այն բանին, որ հայերն ուրախանում են, որ ֆրանսիացին, ամերիկացին, ռուսը, թուրքն ու ադրբեջանցին հրճվում են, որ երկու հայի միջև նման հարաբերություններ են, ոչ մի խոսք չունեմ ասելու։

Կրկնում եմ՝ ընդդիմադիր քաղաքական ուժերն իրենք պետք է որոշեն, որովհետև ինչ էլ իրենց առաջակելու լինենք, գրված է օրենքում, որը, վստահ եմ, կարդում են։ Դրանից ավելի ի՞նչ կարելի է ընդդիմությանն առաջարկել։ Օրենքի հոդվածում գրված է՝ նման իրավիճակներում ինչ պետք է անել։ Բայց օրենքը ո՞ր երկրում է աշխատում. իրապես ժողովրդավար երկրում, այնտեղ, որտեղ դրանք իսկապես աշխատում են։

ԱՄՆ-ում այսպիսի հայտնի ասացվածք կա. ժողովրդավարությունն այն չէ, որ մարդու իրավունքները չեն խախտվում, ժողովրդավարությունն այն է, որ եթե որևէ մեկի իրավունքները խախտվել են, ապա կան մեխանիզմներ այդ իրավունքները վերականգնելու։ Նշվում է, որ դատական իշխանության միջոցով կամ օրենսդրական այլ նորմեր կիրառելով՝ մարդը կարող է պայքարել սեփական իրավունքների վերականգնման համար։

Մենք բոլորս հասկանում ենք, որ Հայաստանում խախտված իրավունքները դատարաններում չեն վերականգնվում։ Սակայն ճիշտը միշտ օրենսդրական բոլոր ճանապարհներն օգտագործելն է։ Բայց հավատո՞ւմ ենք, որ դա աշխատելու է։ Միաժամանակ չենք կարող ընդդիմությանը կոչ անել, որ գնան և անօրինական բաներ անեն։

The post Պետք է նոր ընտրություններ տեղի ունենան. ռեպրեսիաները շարունակվելու են. Թևան Պողոսյան appeared first on Ազգ.

Leave a Comment