12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ տալու գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով ենթադրաբար թմրանյութ փոխանցելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։

Ըստ ՔԿ-ի՝ 2026 թվականի հունիսի 7-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում անձին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։

Քննիչը դատարան է ներկայացրել նրա նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդություն, սակայն դատարանը մերժել է այն։ Փոխարենը որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։

Քրեական վարույթի շրջանակում իրականացվել են անհետաձգելի ապացուցողական և այլ վարութային գործողություններ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է, և հանգամանքների ամբողջական բացահայտման ուղղությամբ աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։

Leave a Comment