Նյու Յորքի փողոցներից մեկն անվանափոխվել է Ֆրանսիայի հավաքականի, Լոնդոնի «Արսենալի», կատալոնական «Բարսելոնայի» նախկին լեգենդար հարձակվող Թիերին Անրիի պատվին, հաղորդում է ESPN-ը։
Անվանի ֆուտբոլիստի անունն է ստացել 50-րդ փողոցի և 6-րդ պողոտայի խաչմերուկում գտնվող փողոցը, որը գտնվում է Ռոքֆելլեր կենտրոնի մոտ։ Փողոցը Թիերին Անրիի պատվին վերանվանելու որոշումը կայացվել է 2026թ․ աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքների շրջանակներում: Այդ կերպ իշխանությունները ընդգծել են ֆրանսիացու ներդրումը Միացյալ Նահանգներում ֆուտբոլի զարգացման գործում: Թիերին Անրին 2010-2014թթ․ հանդես է եկել ամերիկյան «Նյու Յորք Ռեդ Բուլզում», որի կազմում անցկացրել է 135 հանդիպում, դարձել 52 գոլի ու 40 գոլային փոխանցման հեղինակ։