
ՀԱԷԿ-ը երեք ամսով անջատված է էներգահամակարգից՝ շահագործման ժամկետի երկարացման ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Աշխատանքների կեսից ավելին կատարված է։ Ծրագրի հաջող ավարտի պարագայում ատոմակայանի շահագործման ժամկետը կերկարացվի ևս 10 տարով»,- ասաց նա՝ հավելելով, որ զուգահեռաբար ընթանում են նոր ատոմակայանի կառուցման նախապատրաստական աշխատանքները։ «Գնում ենք դեպի մոդուլյար ատոմակայանի կառուցման ճանապարհով։ Այս պահին ուսումնասիրվում են տարբեր երկրների տեխնիկական, անվտանգային և ֆինանսական առաջարկները»,- ասաց նա և հավելելով, որ առաջարկներ ունեն ամերիկյան կողմից, Ֆրանսիական կողմից, Ռուսաստանից, Կորեայից, Չինաստանից։ «Որոշում կայացնելու մասով չենք շտապում»,- ընդգծեց նախարարը։