Արմեն Սաքապետյանի գործով դատարանը մերժեց արագացված դատաքննություն կիրառելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում շարունակվում է Արմեն Սաքապետյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով քննությունը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ հունիսի 10-ին կայացած դատական նիստում դատարանը մերժեց պատասխանող կողմի միջնորդությունը՝ արագացված դատաքննություն կիրառելու վերաբերյալ, ինչպես նաև քննարկեց դատախազության կողմից ներկայացված՝ հայցի հիմքի և առարկայի փոփոխության հերթական միջնորդությունը։

Դատարանը հրապարակեց իր որոշումը՝ մերժելով պատասխանող կողմի միջնորդությունը, որով առաջարկվում էր արագացված դատաքննության կարգով քննել հայցի մի շարք պահանջներ, այդ թվում՝ BMW մակնիշի ավտոմեքենայի և դրա օտարումից ստացված միջոցների վերաբերյալ պահանջը։ Դատարանը նշեց, որ գործով առկա են վիճելի փաստական հանգամանքներ, որոնց գնահատումը հնարավոր է միայն ապացույցների հետազոտումից հետո։

Որոշման հրապարակումից հետո պատասխանողի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը հիշեցրեց, որ նախորդ դատական նիստերից մեկում դատախազության ներկայացուցիչը նշել էր, որ ավտոմեքենան ձեռք է բերվել օրինական միջոցներով։

«Մեր հարգարժան հակառակորդը ընդունել է, որ տվյալ մեքենան ձեռք է բերվել օրինական միջոցներով, այսինքն՝ այդ պահին առկա են եղել օրինական եկամուտներ»,- հայտարարեց նա։

Այնուհետև դատարանն անցավ դատախազության կողմից ներկայացված նոր միջնորդության քննարկմանը։

Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Դավիթ Մեյրոյանը հայտնեց, որ պետական ռեգիստրից ստացված տվյալների համաձայն՝ «SQ Agro» ՍՊԸ-ում Արմեն Սաքապետյանին պատկանող մասնակցությունը 2024 թվականի հունվարի 15-ին կնքված նվիրատվության պայմանագրով փոխանցվել է Արեգ Սաքապետյանին։ Նրա խոսքով՝ այդ հանգամանքը պարզելու նպատակով դատախազությունը հարցում է ուղարկել լիազոր մարմնին և ստացել ընկերության ռեգիստրային գործը։

«Ստացված տվյալների համաձայն՝ Արմեն Սաքապետյանը նվիրատվությամբ օտարել է «SQ Agro» ՍՊԸ-ում իրեն պատկանող մասնակցությունը»,- հայտարարեց դատախազը։ Հայցվորի ներկայացուցիչը դատարանին խնդրեց թույլատրել հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը, ինչպես նաև գործին ներգրավել Արեգ Սաքապետյանին՝ որպես պատասխանող։

Պատասխանող կողմը առարկեց միջնորդությանը։

Վարազդատ Ասատրյանը հայտարարեց, որ դատախազությունն այդ հանգամանքի մասին տեղեկացված է եղել վաղուց, իսկ այժմ ներկայացված միջնորդությունը հերթական անգամ հանգեցնում է դատավարության ձգձգման։

«2024 թվականին մենք այդ մասին տեղեկացրել ենք դատախազությանը։ Հիմա ստեղծվում է տպավորություն, որ ներկայացվում է հերթական փոփոխությունը՝ հերթական անգամ դատավարությունը երկարաձգելու համար»,- նշեց նա։

Պաշտպանը նաև հարց բարձրացրեց, թե կոնկրետ երբ է դատախազությունը ստացել համապատասխան տեղեկությունները և երբ է դիմել պետական ռեգիստրի գործակալություն։ Նրա խոսքով՝ այդ հանգամանքը կարող է էական նշանակություն ունենալ դատարանի համար՝ գնահատելու, թե արդյո՞ք միջնորդությունը ներկայացվել է ողջամիտ ժամկետում։ Քննարկման ընթացքում դատավոր Լիլի Դրմեյանը ևս հետաքրքրվեց, թե երբ է ուղարկվել համապատասխան հարցումը և երբ են ստացվել տեղեկությունները։ Ի պատասխան Դավիթ Մեյրոյանը ներկայացուցիչը հայտնեց, որ այդ հարցին վերաբերող փաստաթղթերը կներկայացվեն հաջորդ դատական նիստում։

Դատարանը, քննարկելով հարցը, որոշեց միջնորդության վերաբերյալ վերջնական դիրքորոշում չարտահայտել, մինչև համապատասխան փաստաթղթերի ներկայացումը։ Նիստի ընթացքում քննարկվեց նաև պատասխանող կողմի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցների ձևափոխման վերաբերյալ։

Պատասխանող կողմը խնդրեց թույլատրել որոշ անշարժ գույքերի նկատմամբ իրականացնել շինարարական և վերակառուցման աշխատանքներ՝ նշելով, որ դրանք չեն հանդիսանում բռնագանձման առարկա։ Ներկայացուցչի խոսքով՝ նախատեսվող աշխատանքները չեն նվազեցնի գույքի արժեքը, այլ հակառակը՝ կհանգեցնեն դրա ավելացման։

Հայցվորի ներկայացուցիչ Դավիթ Մեյրոյանը առարկեց միջնորդությանը՝ նշելով, որ ներկայացված չեն բավարար տվյալներ, որոնք կբացառեն ապագայում հնարավոր դատական ակտի կատարման դժվարացումը։ Դատարանը միջնորդության վերաբերյալ քննությունն ավարտելուց հետո հայտնեց, որ որոշումը կկայացվի առանձին, իսկ մինչ այդ պատասխանող կողմը Դատարանին և հայցվոր կողմին պետք է տրամադրի համապատասխան էսքիզները։

Նիստի ավարտին դատարանը նշանակեց հաջորդ նախնական դատական նիստը հունիսի 22-ին, ժամը 14։00-ին։






Կարդացեք նաև՝

Leave a Comment