
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նկատառմանը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը ընդդիմությունը որակում է քաղաքական հետապնդում, արձագանքեց. «Ընդդիմության համար շատ շահեկան է և միակ տարբերակն է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով»։
Անդրադառնալով արցախցի քաղաքական գործիչ, կալանավորված Արթուր Օսիպյանի գործին և առողջական վիճակին (20 օրից ավելի նա հացադուլի մեջ է), նախարարն ասաց. «Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն։ Ես ամեն օր օպերատիվ կարգով տեղեկություններ եմ ստանում նրա առողջական վիճակի մասին: Հենց երեկ նրան այցելել է մեր աշխատակիցը։
Մենք ամեն ինչ անում ենք, որ անձի բոլոր իրավունքները, այդ թվում՝ հացադուլի իրավունքը, պատշաճ ապահովվի, նրան տրամադրվում է իրեն հասանելի զբոսանքը, և ամեն ինչ արվում է՝ տեսակցությունները հարազատների հետ, և ոչ մի միտում չպետք է փնտրել դեպի ավելի վատ վերաբերմունք կոնկրետ անձի նկատմամբ, դա չի կարող լինել»։
Թե ինչու է անազատությունը որպես խափանման միջոց ընտրվել, Գալյանը նշեց, որ չգիտի։
«Մեր պարագայում էգոիստական բան կասեմ, խիստ ցանկալի է, որ խափանման միջոցը փոխվի»,- ասաց նա։